Մատչելիության հղումներ

Լևոն Երանոսյան. «Կտեսնեք կադրերում, կհասկանաք, թե ինչու եմ կիրառել»


Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյան
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյան

Հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելիս պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն անձամբ երկու հատուկ միջոց է կիրառել։

Հարցին, թե ինչու է կիրառել, Երանոսյանը պատասխանեց. - «Կտեսնեք կադրերում, կհասկանաք, թե ինչու եմ կիրառել»։

Այսօրվա դատական նիստին հետազոտվեցին գործում առկա ապացույցները՝ այդ օրերին տեսանկարահանված նյութերը։

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի 16-ին և 22-ին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Մասնավորապես, ըստ իրավապահների, Լևոն Երանոսյանի գործողությունների հետևանքով ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ավելի քան 40 բողոքի ակցիայի մասնակից մարմնական վնասվածք է ստացել, տուժել է նաև ոստիկանության զորքերի վեց զինծառայող։ Ինքը՝ Լևոն Երանոսյանը, մեղադրանքը չի ընդունում։

Դիտելով տեսանյութերը՝ Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտարարեց, որ ոստիկանական ուժերն անհամեմատ սակավաթիվ էին, քանի ցուցարարները, և արձանագրեց, որ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել են այսպես կոչված հոգեբանական ներգործության միջոցներ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության օրհներգը երգելը, մահակներով վահաններին հարվածելը. - «Երկրորդ տեսանյութը սկսվեց ոստիկանների նկատմամբ զանգվածային բռնությունները ցուցադրող կադրերով, որն իր մեջ ներառում էր ոստիկանական առաջին շղթայի քանդումը։ Ցուցարարներից որոշ անձինք «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հրում էին դեպի ոստիկանական շղթան, և հատուկ միջոցը կիրառվել է անմիջապես այդ «Նիվան» հրելուց հետո։ Տուժողներից մեկը հայտարարեց, որ եթե բռնություն գործադրվել է, ակնհայտ բռնություն եղել է, ապա դրանք եղել են հավանաբար սադրիչներ։ Ես կխնդրեի, որ նա մեզ օգներ, ու եթե ինքը ճանաչում է, ասեր այդ բռնություն գործադրողներ ովքեր էին»։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով այս գործով տուժող է, մինչդեռ հայտարարեց.- «Այո, ես պնդում եմ, որ եթե եղել են մարդիկ, ովքեր որ քարեր են նետել, իրենք սադրիչ են հանդիսացել....Այն մեթոդները, ինչի մասին, որ խոսում ենք, որոնք իրենցից ներկայացնում են հոգեբանական ներգործության մեթոդներ, այսինքն՝ մարդու մոտ կտրուկ հուզմունք են առաջացնում։ Կադրերի մեջ երևում է՝ առաջին տուժածը ես եմ եղել այդ միջոցի, որից հետո մարդու մոտ էյֆորիկ վիճակ է առաջանում, ինչպես նաև վախի։ Ոստիկանները մեծ մասամբ որևիցե ձևով ո՛չ ագրեսիա, ո՛չ որևիցե բախման չեն գնացել, որովհետև ընդհանուր մթնոլորտն, ի սկզբանե, չի եղել ոստիկանի հետ որևիցե ձևով բախման գնալու»։

Տեսանյութերի հետազոտումը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ մարտի 23-ին։

XS
SM
MD
LG