Վերաքննիչ քրեական դատարանի փետրվարի 17-ի որոշմամբ բեկանվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորոդի Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ Խաչատրյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի։
«Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում», - ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությունը շարունակվում է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 22-ին բավարարել էր Կարեն Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը և որոշել 20 միլիոն դրամ գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակել։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը երկու ամսով երկարացրել էր Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը։ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին ՊԵԿ-ում աշխատած Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Նույն քրեական գործի շրջանակներում կալանավորված է նաև ժամանակին ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը համարվող Գագիկ Խաչատրյանը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ: