Մատչելիության հղումներ

Դատարանը երկարացրեց Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը (Ձ) և նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն այսօր երկու ամսով երկարացրեց նրա կալանքի ժամկետը։

Նիստի ավարտին Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողներին փոխանցեց, որ իրենց համար որոշումը սպասելի էր, քանի որ, ինչպես պնդում է փաստաբանը, գաղտնիք չէ, թե այս քրեական գործով ինչ մեծ ճնշումներ կան դատարանի նկատմամբ․ - «Ես չգիտեմ, այս որոշումը, որ իմ ձեռքի տակ է, այս անգամ դատարանը ինչ հիմնավորումներ է ներկայացրել, բայց, որպես կարգ, վերջին հիմնավորումները եղել են թաքնվելու և խոչընդոտելու բարձր հավանականությունը: Դատարանի վերջին որոշումը, որը կայացվել էր մեկ ամիս առաջ, դատարանը նվազ էր գնահատել Կարեն Խաչատրյանի՝ խոչընդոտելու հավանականությունը, բայց անգամ այս պայմաններում այս անգամ էլ դատարանը մեր միջնորդությունը կալանքը գրավով փոխարինելու մասին մերժեց»:

Իր հորեղբայր, ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին ՊԵԿ-ում աշխատած Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Փաստաբանը փոխանցեց, որ Կարեն Խաչատրյանին վերագրվող արարքով պատճառված մոտ 200 մլն դրամ վնասը փոխանցվել է ԱԱԾ-ի դեպոզիտային հաշվին․ - «Շատ լուրջ տարբերակված մոտեցում են ցույց տալիս այսօր թե՛ դատական իշխանությունը, թե՛ նաև իրավապահ մարմինները Խաչատրյանների գործով: Բավականին շատ են գործերը: Պետությանը պատճառված վնասը երբ որ հատուցվում է, պետությունը շատ ավելի բարեհաճ է լինում: Հիմա ես հարց եմ հնչեցնում՝ ո՞րն է կարևորը այս գործով, ո՞րն է այն կարմիր թելը․․․ գուցե Կարեն Խաչատրյանի ազգանո՞ւնը»:

Ավելի վաղ փաստաբանը ասել էր, որ Խաչատրյանն իրեն փոխկապակցված անձանց միջոցով է նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվին այդ փոխանցումը կատարել:

Նույն քրեական գործի շրջանակներում կալանավորված է նաև ժամանակին ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը համարվող Գագիկ Խաչատրյանը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ: Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել էին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։

Նկատենք, որ Գագիկ և Կարեն Խաչատրյանները անցնում են նույն քրեական գործով: Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից «Ազատությանը» հայտնել էին, որ ժամանակին իրենց մոտ քննվող Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե: Այս քրեական գործը հետագայում միացվել է ԱԱԾ֊ում քննվող գործին:

Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2008 թվականից զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2014-ից 2016-ը ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը, որն ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Գագիկ Խաչատրյանին՝ «սուպերնախարար»:

Գրեթե ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը:

XS
SM
MD
LG