Մատչելիության հղումներ

Կիրո Մանոյան. Դաշնակցությունը չունի հակասություն կառավարության հետ


ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյան

Անկախ ներքին տարաձայնություններից, արտաքին քաղաքական հարցերում Դաշնակցությունը չունի հակասություն կառավարության հետ, այսօր հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Տարակարծություններ կարող են լինել, բայց տարակարծությունները այնպես չեն, որ մենք իրար հետ չենք խոսում։ Մեր համար արտաքին քաղաքականությունը նույն սահմանի, ճակատի շարունակությունն է, և ինչպես պաշտպանության գործում սակարկություն չկա, նաև արտաքին քաղաքականության մեջ, անկախ մեր ունեցած ներքին տարակարծություններից, սակարկություն չկա», - նշեց Մանոյանը։

Աշխարհի 20 երկրներից Երևանում են հավաքվել ՀՅԴ ներկայացուցիչներ՝ մասնակցելու Հայ Դատի խորհրդաժողովին, որը սկսվեց Երևանում և կշարունակվի Ստեփանակերտում։

Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով, արդեն հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանին՝ համադրելու Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն իրեն կազմակերպության օրակարգի հետ. - «Հայաստանի համար Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները լավապես իմանալե ետք, մեր տանելիք աշխատանքներու համադրումի հարցն ալ կա։ Որոշ բացատրություններ կստանանք Ղարաբաղի գործընթացի մանրամասնություններեն։ Եվ նաև այնտեղ կբացատրենք, թե ինչ տեսակի աշխատանքներու է լծված ՀՅ Դաշնակցությունը ընդհանրապես և Հայ Դատի հանձնախումբը մասնավորապես»։

Հարցին, թե արդյո՞ք Հայ Դատն ընդունում է Արցախի բանակցություններում Հայաստանի կառավարության՝ վերջին 1.5-2 տարում ներմուծած նոր շեշտադրումներն ու մոտեցումները, Տեր-Խաչատրյանն արձագանքեց. - «Բնական է, որ կան մանրամասնություններում տարբեր մոտեցումներ, չեմ կարող ասել մեծ տարաձայնություններ։ Բայց նաև հասկանում ենք, որ որպեսզի բանակցությունները տեղի ունենան Հայաստանի կառավարությունը և որևէ կառավարություն անհրաժեշտ է, որ տարբեր այլընտրանքների մասին բանակցի։ Դա չի նշանակի, որ այդ այլընտրանքներն ընդունելի է, բայց կնշանակի, որ միջազգային, Մինսկի խմբի համանախագահների հսկողության ներքո այդ բանակցությունները պետք է ընթանան»։

Կիրո Մանոյանն ավելացնում է, որ այնուամենայնիվ ամբողջովին բավարարված չեն Արցախի բանակցային գործընթացով, մասնավորապես՝ որովհետև Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ գործընթաց գրեթե չկա. - «Հիմնական հարցը մեր համար, որ մենք պետք է Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանք տանենք։ Մենք ասելով այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը»։

Հայ Դատի գրասենյակների գործունեությունը ողջ աշխարհում ֆինանսավորվում է հանգանակությունների միջոցով, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2019-ի նոյեմբերին։

ՀՅԴ-ն դեռևս չի հրապարակել, թե որքան գումար են հավաքել վերջին անգամ, սակայն, ինչպես նշեց Մանոյանը, զգալիորեն պակաս, քան 2016-ի նոյեմբերին՝ նախավերջին դրամահավաքին։

Ի պատասխան հարցին, թե արդյոք պատճառն այն է, որ Հայաստանում գործունեություն ծավալող մեծահարուստները այլևս չեն ֆինանսավորում Հայ Դատին, ինչպես ընդունված էր նախկին իշխանության օրոք, Մանոյանը հաստատեց, որ հայաստանցի գործարարներից ավելի քիչ ֆինանսական խոստումներ են ստացել։ Իսկ պատճառների մասին միայն կարող է ենթադրել. - «Փաստը այն է, որ մարդիկ կային, որ գալիս էին, կամ առնվազն խոստանում էին, հիմա չեն տալիս կամ չեն խոստանում»։

Նա չբացառեց, որ դրա պատճառը կարող է լինել դժգոհությունն իրենց աշխատանքներից. - «Կարող է այդպես էլ լինի։ Կարող է իրենց վիճակը լավ չէ, հարկեր են վճարել։ Կարող է քաղաքական ճնշում կա, չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել»։

XS
SM
MD
LG