Մատչելիության հղումներ

ՀՅԴ Գերագույն մարմինը ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը


Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ։

Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հաղորդագրության, ուղերձում մասնավորապես ասված է՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից պատմական արդարությունը վերականգնող այս բանաձևի ընդունումը և իր անմնացորդ զորակցությունն է հայտնում ԱՄՆ-ում աշխատող մեր կառույցներին և ընկերներին։

«Հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցչական Պալատի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի որդեգրմանը հաջորդեց երեկ, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունումը՝ միաձայնությամբ։ Ցեղասպանությունների կանխարգելման և արդարության նկատմամբ ԱՄՆ Սենատի այս քայլը պատմական էր ու աննախադեպ նաև նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ պատմության ընթացքում ԱՄՆ Սենատի քննարկման օրակարգ է դարձել Ցեղասպանության հարցը։ ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ», - ասված է հայտարարությունում։

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը նաև նշում է, որ անվիճելի փաստ է, որ այս հաղթանակը հատկապես արդյունք է ԱՄՆ-ում գործող Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների երկար տարիների համառ, հետևողական ու նվիրված պայքարի։

«Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ գործած ոճրին տրվում է պատմական արդար գնահատական և ապացուցում, որ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժում մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունները և ժխտողական քաղաքականություն որդեգրած Թուրքիային կոչ է անում վերականգնել պատմական արդարությունը», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ հինգշաբթի օրը ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ավելի վաղ` հոկտեմբերի 29-ին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG