Մատչելիության հղումներ

Ըստ Միրզոյանի՝ Իրանի հետ ցամաքային հաղորդակցության դադարեցումը բխել է ծայրահեղ անհրաժեշտությունից


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան, 24 փետրվարի, 2020թ.

Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ եթե Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով դադարեցնել, ապա դա բխել է ծայրահեղ անհրաժեշտությունից: Այս մասին Միրզոյանը նշեց «Ազատության» հետ զրույցում:

«Ես կարծում եմ, որ եթե գործադիրի համապատասխան օղակների համատեղ խորհրդակցությունը և որոշումը եղել է այն, որ անհրաժեշտ է այնուամենայնիվ փակել սահմանը ժամանակավորապես և դադարեցնել հաղորդակցությունը, ապա այլ լուծում չի եղել: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները մեր հարևան Իրանի հետ, և եթե այսպիսի որոշում է կայացվել, ապա վստահաբար դա բխել է ծայրահեղ անհրաժեշտությունից», - ասաց ԱԺ նախագահը:

Նա հույս հայտնեց, որ ողջ աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման տեմպերը կնվազեն, և կգտնվի բուժումն ու անհրաժեշտ դեղորայքը:

«Ազատության» հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել՝ հաշվի առնելով հարևան երկրներում տեղի ունեցողը և նաև բռնկումն Իրանում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ ամբողջապես պատրաստ որևէ երկիր չի կարող իրեն համարել, ուրիշ բան, որ պետք է բոլոր հնարավոր քայլերն արվեն տարածումը կանխարգելելու համար, և եթե այնուամենայնիվ, Աստված մի արասցե, այդպիսի բան տեղի ունենա, այսինքն՝ ամբողջովին չկանխարգելվի, անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները, քայլերը ձեռնարկել, որպեսզի պայքար ծավալվի բարձր մակարդակով դրա դեմ: Կարծում եմ, որ մեր գործադիրը կկարողանա հաղթահարել այս մարտահրավերը»:

Հիշեցնենք, Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշում է ընդունել Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով դադարեցնելու և օդային հաղորդակցության նկատմամբ ոչ ամբողջական սահմանափակումներ կիրառելու մասին։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նիստի արդյունքներով որոշվել է նաև Իրանի հետ բեռնափոխադրումներն իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ, որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։

Բացի այդ, ըստ վարչապետի, որոշվել է «երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար»:

Երեկ Իրանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է գրանցվել: Մահվան ցուցանիշով Իրանը երկրորդն է աշխարհում`Չինաստանից հետո:

XS
SM
MD
LG