Մատչելիության հղումներ

Նարեկ Զեյնալյան. Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը ևս օրակարգում է


ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան

Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները, ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը: Այս մասին հայտնել է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ («Իմ քայլը») Նարեկ Զեյնալյանը` անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի տարածմանը և հայտարարություններին, թե սահմանը այդ երկրի հետ պետք է ժամանականավոր փակել:

«Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է ենթարկվում, ամենայն մանրամասնությամբ գնահատվում են հնարավոր ռիսկերը և բոլոր հնարավոր զարգացումները», - գրել է պատգամավորը։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ այսօր և վաղը քննարկում են ազատ ռեժիմի վերանայման հարցը, ինչպես արվել է Չինաստանի քաղաքացիների դեպքում:

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է գրանցվել: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ևս 15 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, այս պահին իրանական հիվանդանոցներում բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 43 մարդ, 785-ն էլ կարանտինի մեջ են:

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց: Վրաստանը ևս խորհուրդ է տվել խուսափել այցելությունից: Օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Քուվեյթն ու Իրաքը դադարեցրել են չվերթների մեծ մասը Իրան:

XS
SM
MD
LG