Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանի կարծիքով՝ քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ անել բանակի հրամանատարական կազմում


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, 21 փետրվարի, 2020թ.

Զինված ուժերում շարունակվում են պաշտոնանկությունները։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատել է Ռազմական ոստիկանության մի քանի բաժնի պետերի, հրաժեշտ տվել գերատեսչության արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանին։

Նրան ժամանակավորապես կփոխարինի Ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը։ Նախարարը բանակում վերջին մահվան դեպքերի վերաբերյալ խորհրդակցության ընթացքում Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակն ու շեշտել կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը։

Մեկուկես ամսվա ընթացքում ոչ մարտական պայմաններում 13 զոհ է եղել, թեմային երեկ Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է անդրադարձել. - «Նախ եկեք արձանագրենք, որ 2019 թվականին արձանագրվել է բոլոր պատճառներով բանակում տեղի ունեցած զոհերի պատմական մինիմում»:

Վարչապետը շեշտել է՝ 2020-ին Զինված ուժերում 13 զոհից 5-ը մահացել են հիվանդության պատճառով, նրանց մի մասը՝ ծառայության ժամանակ, իսկ մյուս մասը՝ ոչ, 4-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով, 4-ն էլ՝ ինքնասպանության։

«Դժբախտ պատահարների և հիվանդությունների պարագան մի պարագա է, ոչ կանոնագրային հարաբերությունների պարագան ուրիշ պարագա է: Եվ ես ասեմ, որ շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որ ընդհանրապես այս ողջ օրակարգը՝ բանակում բարեփոխումների, կդարձնի իր աշխատանքային թեմա, և մենք կշարունակենք բանակի բարեփոխումները», - նկատեց վարչապետը:

Իսկ թե ինչո՞ւ խաղաղ պայմաններում վերջին մեկուկես ամսվա նման թվով զոհեր գրանցվեցին, վարչապետը վստահ է՝ պատճառը քրեական ենթամշակույթի առկայությունն ու կարգապահության խնդիրն է: Փաշինյանի վարկածով մասնավորապես այս տարվա դեպքերը կապված են զինվորներին տրվող գումարների բարձրացման հետ. - «Երբ դրամական միջոցները շատանում են, շատանում են նաև, այսպես ասած, կներեք այդ կոպիտ բառի համար, «բազառները»: Այնտեղ, որտեղ ֆինանսական միջոցները շատ են, այնտեղ այդ ֆինանսական միջոցների վրա հսկողություն սահմանելու պայքարը սրվում է»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տեղին չի համարում վարչապետի՝ զոհերի վերաբերյալ պատմական մինիմում արձանագրելու համեմատությունն ու հավաստի չի համարում պաշտոնական վիճակագրությունը. - «Ես ինքս տեղյակ եմ տվյալներից, և ինձ համար ընդունելի չեն այդ տվյալները, պատմական մինիմում գրանցելը: Երևում է՝ վարչապետը շատ է վստահում իրավապահ համակարգին», - շեշտեց իրավապաշտպանը:

Բացի այդ, վերջինս ասում է՝ դրամահավաքությունը կարող է երկրորդական պատճառ լինել, խնդիրները բանակում ավելի խորքային են ու մեծամասամբ կապված հրամանատարական կազմի հետ:

«Քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ անել ոչ թե զինվորների շրջանում, ինչպես կարծում է վարչապետը, այլ հրամանատարական կազմում, ամբողջ այդ մթնոլորտը զորամասերում, որոնք կայուն վիճակում են, դա պետք է փոխել, և այլևս որևէ մտահոգություն չի ունենա բարձրացնելու, այդ գումարներ...դրանք չնչին գումարներ են, իսկ զինվորը կարիք ունի և սիգարետի, որևէ մի քաղցրավենիք ուտելու, որ կարող է շատ զինվորներ կան, որոնց չեն ուղարկում տանից», - ասաց Ալեքսանյանը:

Վերջերս ծառայությունն ավարտած Նորայր Դովլաթյանը վստահեցնում է՝ բանակում նման խնդիրների չի առնչվել, անգամ վերադասի կողմից։ Սակայն մեկ այլ զորամասում ինքնասպանության դեպքից հետո ծառայակիցներից է լսել՝ պատճառը հրամանատարի վարքն է եղել։ Ասում է՝ նույն իրենց զորամասում դրամահավաքություն չի եղել, սակայն իրեն ամսական տրվող գումարը չի բավարարել, տանեցիներն են օգնել:

«Օրինակ ինձ ամսվա կտրվածքով իմ ծնողները 30-ից 40 հազար դրամ գումար են ուղարկել թե՛ իմ կարիքները հոգալու համար, թե՛ մարտական հերթապահություն բարձրանալիս, գաղտնիք չի, որ զինվորներն առևտուր են անում, իրենց հետ տանում են, որովհետև բանակի տված սնունդը, նախ շատ դեպքերում զինվորը չի կարող այդ պահածոյացված մթերքը 14 օր օգտագործել», - պատմեց Նորայր Դովլաթյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG