Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և «Թալիբան»-ը կփորձեն նվազեցնել բռնություններն Աֆղանստանում


ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն այսօր ասել է, որ Միացյալ Նահանգները և «Թալիբան» շարժումն Աֆղանստանում փետրվարի 29-ին կստորագրեն «բռնությունները մեկ շաբաթով կրճատելու» համաձայնագիր, որը նույն օրը կեսգիշերին պետք է մտնի ուժի մեջ:

«Անցած շաբաթների ընթացքում Դոհայում տեղի են ունեցել քննարկումներ, որոնց մասնակցել են մեր բանագնացները, Աֆղանստանի կառավարության և թալիբների ներկայացուցիչները: Նպատակն է ամբողջ Աֆղանստանի տարածքում թուլացնել լարվածությունը և նվազեցնել բռնությունների թիվը»,- հայտնել է Փոմփեոն:

Նրա փոխանցմամբ՝ դրանից հետո բանակցային գործընթացը կշարունակվի, դրա վերջնական նպատակն է հարատև և հուսալի խաղաղություն հաստատել Աֆղանստանում:

Միացյալ Նահանգների և թալիբների ներկայացուցիչները 2018 թվականից են բանակցում Կատարի մայրաքաղաք Դոհայում:

«Թալիբան»-ի պատվիրակն այնտեղ այսօր ասել է, որ մեկ շաբաթով ստորագրվելիք համաձայնությունը չի կարելի «հրադադար» անվանել, քանի որ յուրաքանչյուր կողմ պահպանում է ինքնապաշտպանության իրավունք:

«Բայց այս օրերին փոխադարձ հարձակումներ չեն լինի», - հավելել է «Թալիբան»-ի խոսնակը:

XS
SM
MD
LG