Մատչելիության հղումներ

ԱՄՆ հետախուզությունը ռուսներին նորից մեղադրում է ընտրություններին միջամտելու մեջ


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը պատասխանում է կոնգրեսականների հարցերին, Վաշինգտոն, 5-ը փետրվարի, 2020թ.

The New York Times և The Washington Post պարբերականների փոխանցմամբ, ամերիկյան հետախուզական ծառայություններն օրենսդիրներին հայտնել են 2020 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության նոր փաստերի մասին:

Ըստ այդ պարբերականների, ռուսները փորձում են սատարել գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի քարոզարշավին, ինչի մասին հետախուզական կառույցների ներկայացուցիչները տեղեկացրել են փետրվարի 13-ին տեղի ունեցած դռնփակ լսումների ընթացքում:

The New York Times-ի հաղորդագրությունը զայրացրել է ԱՄՆ նախագահ Թրամփին, ով ասել է, թե դեմոկրատներն այդ հոդվածը կօգտագործեն իրեն վարկաբեկելու համար:

Ամերիկյան հետախուզական կառույցները հանգել են այն եզրակացության, որ 2016 թվականին ռուսները սոցիալական ցանցերում վարած քաղաքականությամբ և հաքերային գրոհներով դեմոկրատ գործիչների էլեկտրոնային հասցեները կոտրելու միջոցով վարկաբեկել են թեկնածու Հիլարի Քլինթոնին և դրանով նպաստել են Թրամփի արշավին:

Թրամփը կտրականապես հերքել է մեղադրանքը և «կեղծիք» է անվանել ռուսների աջակցության մասին հաղորդագրությունները:

Ռուսաստանը նույնպես պնդում է, որ չի միջամտում ամերիկյան ներքաղաքական գործընթացներին:

Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը վերջերս Ներկայացուցիչների տան իրավական հանձնաժողովում ասել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին նախորդող այս ժամանակաշրջանում «ռուսները սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվական պատերազմ են վարում և փորձում են պառակտումներ առաջացնել Ամերիկայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG