Ցանկացած շինարարություն պետք է իրականացվի նախագծով, թույլտվությամբ, այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարզվում է, որ Երևանում առանձնատներ, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի և ապօրինի շինություններ են, օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող, մարդկանց հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինարարություններ են», - հայտարարեց նա:
Վերջինիս խոսքով՝ այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաներն ընդունել են այնպիսի օրինագծեր, որոնք ապօրինի շինարարությունների օրինականացում են թույլ տալիս. - «Որ այսօր օրինակ՝ Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնել, պետք է նայել, թե ինչ խնդիր ունենք լուծելու», - նկատեց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնյաներն ամենահայտնի տեղերում, օրինակ՝ Մանումենտում կառուցել են տներ՝ աներևակայելի չափերի. - «Հիմա եկել են, ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր ենք օրինականցնել, ու Երևանի քաղաքապետն ասում է, որ այո, բոլոր իրավաբաններն ասում են, որ այո, պարտավոր ենք օրինականացնել»:
Փաշինյանը հորդորեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այս խնդիրը քննարկել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: