Մատչելիության հղումներ

Հայաստանում հունիսի 13-ից կանցկացվի յարխուշտայի փառատոն


Հայաստանում հունիսի 13-ից կանցկացվի յարխուշտայի փառատոն, այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ խորհրդակցության ընթացքում;

«Մենք որոշեցինք, որ 2020թ. հունիսի 13-ից Հայաստանում նոր փառատոն կհիմնադրվի, և այդ փառատոնի պաշտոնական անվանումը կլինի «Զարկ ֆեստ», իսկ ոչ պաշտոնական անվանումը՝ յարխուշտայի փառատոն», - ասել է Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Մենք շատ ենք կարևորում մեր ժողովրդի ավանդույթների, մշակութային ավանդույթների և արժեքների քարոզչությունն ու գործնական տարածումը մեր իրականության մեջ, և մենք պետք է կարողանանք հստակ սահմաններ գծել, թե որն է մեր ազգայինը, որոնք են մեր ինքնության հետ կապված արժեքները, որոնք՝ ոչ: Այս առումով կարծում եմ, որ հայկական պարարվեստն իսկապես այն երևույթներից է, որ մենք վստահ կարող ենք դնել ազգային արժեք վերնագրի ներքո: Եվ այդ առումով, կարծում եմ, որ յարխուշտան մեր ազգային էությանը և ինքնությանը շատ հարիր և ամենաբնորոշ պարերից է ու մեր անելիքների, ոգու հետ կապված շատ մեծ էներգիա է պարունակում: Այս առումով կարծում եմ, որ վերջին ամիսներին աշխատանքը, որ արել ենք, պետք է դառնա շատ կարևոր մի իրադարձություն, ընդ որում՝ ամենամյա իրադարձություն, երբ ամեն տարի հունիսի երկրորդ շաբաթ օրը մենք Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում կունենանք «Զարկ ֆեստ»-ը»:

Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ տեղն էլ պատահաբար չի ընտրված՝ Թալինի տարածաշրջանը. «Որը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, և գիտենք, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ: Մենք, ըստ քիչ առաջ քննարկված հայեցակարգի, կունենանք նաև ամենամյա մրցութային ծրագիր»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է փառատոնի անցկացումը և հանձնարարել դրա պատշաճ կազմակերպման համար շարունակել աշխատանքները համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև բարելավման ուղղությամբ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ փառատոնի կազմակերպչական հարցերի պատասխանատուն «Արենի փառատոն» հիմնադրամն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG