Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վաղվանից փակում է մուտքը Չինաստանի քաղաքացիների համար


Ռուսաստան - Երկու շաբաթ առաջ Ուհանից ժամանածները դուրս են գալիս կարանտինից, Տյումեն, 19-ը փետրվարի, 2020թ.

Տյումենի շրջանում այսօր ավարտվել է փետրվարի 5-ին Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված ռուսաստանցիների և այլ երկրների քաղաքացիների կարանտինը:

Հսկողության տակ էր 144 մարդ, այդ թվում՝ Հայաստանի մեկ քաղաքացի։ Բոլոր 144-ն առողջ են։ «Բոլոր այն մարդիկ, ում մենք տարհանել ենք Ուհանից, փառք Աստծո առողջ են», - ասել է Տյումենի մարզի առողջապահության վարչության ղեկավար Իննա Կուլիկովան։

Ռուսաստանի իշխանությունները թեև հայտարարում են, որ երկրում համաճարակի տարածման վտանգ չկա, այդուհանդերձ, աննախադեպ կոշտ որոշում են կայացրել՝ փետրվարի 20-ից կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով փակվելու է մուտքը երկիր Չինաստանի քաղաքացիների համար: Չինաստանի քաղաքացիների՝ մասնավոր, կրթական, տուրիստական նպատակներով և աշխատանքային գործունեություն ծավալելու համար Ռուսաստան մուտքը կասեցնելու հրամանն այսօր ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Արգելքը չի տարածվում Ռուսաստանի օդանավակայաններով այլ երկրներ ճամփորդող չինաստանցի ուղևորների վրա:

Իսկ ամենահետաքրքիրն այս որոշման մեջ՝ Ռուսաստան մուտք գործելու արգելքը վերաբերում է միայն Չինաստանի քաղաքացիներին, այսինքն, օրինակ, եվրոպացիները Չինաստանից կկարողանան մուտք գործել Ռուսաստան:

Ռուսաստանի կառավարության այս որոշումը որոշ հարցեր է առաջացրել։ Նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե արգելքի հարցով զբաղվում է կառավարությունը, ուստի մեկնաբանության համար պետք է դիմել կառավարությանը։

«Մենք կարող ենք միայն մեկ բան ասել՝ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կորոնավիրուսի տարածումը մեր երկրում կանխելու համար», - հավելել է Պեսկովը։

Ռուսաստանի փոխվարչապետ, կորոնավիրուսի տարածման դեմ տարվող աշխատանքները համակարգող Տատյանա Գոլիկովան կառավարության որոշումը բացատրել է նրանով, որ Ռուսաստանի իշխանությունները «նպատակահարմար չեն համարում կարանտինային պայմաններ տրամադրել երկիր ժամանող հազարավոր չինաստանցիներին»։

Գոլիկովան նաև պնդել է, թե վերջին օրերին չինացիները սկսել են ավելի հաճախ գալ Ռուսաստան։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուակն այսօր ասել է, որ Չինաստանի քաղաքացիների համար մուտքի ժամանակավոր արգելքի մասին Ռուսաստանը նախապես տեղեկացրել է Պեկինին, և որ այդ սահմանափակումները չեն նշանակում երկու երկրների միջև փոխգործակցության դադարեցում։

«Հենց իրավիճակը բարելավվի, արգելքը կվերացվի», - ասել է նա։

Պաշտոնական տվյալների համաձայն, 2019 թվականին Ռուսաստանի Դաշնություն է մուտք է գործել 2,3 միլիոն Չինաստանի քաղաքացի, այդ թվում՝ 1,5 միլիոն զբոսաշրջիկ:​

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2012-ի, վարակվածներինը՝ 75 հազար 291-ի, կորոնավիրուսից բուժվել է 15 հազար 24 մարդ։

Երկուշաբթի օրը Չինաստանում հրապարակվեց մի ուսումնասիրություն, որի համաձայն հիվանդների ավելի քան 80 տոկոսը թեթև են տանում նոր տիպի այս վիրուսը և բուժվում են, իսկ ծանր են տանում քրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու տարեցները:

Հավելենք նաև, որ այսօր 14-օրյա կարանտինից հետո Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում գտնվող Diamond Princess նավից շուրջ 500 ուղևորների են տարհանել, մեծամասամբ՝ տարեցների։ Այս նավում ընդհանուր առմամբ, հիշեցնենք, 542 ուղևոր էր վարակվել։ Մի քանի երկրներ նախընտրել էին ավելի վաղ տարհանել իրենց քաղաքացիներին՝ մինչև կարանտինի ավարտը:

XS
SM
MD
LG