Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ երկկողմ փոխգործակցությունը կրում է ինտենսիվ բնույթ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման փուլում և անդրադարձել դրա նպատակներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և անդրադարձել բանակցային կարգավորման շուրջ իր դիտարկումներին ու տեսակետներին: Վարչապետը կարևորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանն ու բանակցային գործընթացին:

ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նույն օրը ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել են Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG