Մատչելիության հղումներ

Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրեց 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի գործով


ՅՈՒԿՕՍ-ի այժմ նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկի, արխիվ

Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի դատական գործով վճարել 50 միլիարդ դոլար՝ այսպիսով բավարարելով նախկին բաժնետերերի բողոքն ընդդեմ Հաագայի առաջին ատյանի դատարանի որոշման, որը բեկանել էր Միջազգային արբիտրաժի որոշումը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ Մոսկվան կվճարի ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերերին այս հսկայական գումարը։ Ռուսական կողմը շարունակելու է պաշտպանել իր օրինական շահերը ՅՈՒԿՕՍ-ի գործով Հաագայի Վերաքննիչ դատարանի որոշումից հետո և դիմելու է Նիդերլանդների Գերագույն դատարան, հայտնել է ՌԴ արդարադատության նախարարությունը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են նաև նոր դրույթ, որում նշված է լինելու միջազզային պայմանագրերի ստորադասումը երկրի Հիմնական օրենքին։ Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ այս փոփոխությունը ձեռնարկվել է նաև նման դեպքերի համար։

Կրեմլը դեռ հրաժարվում է մեկնաբանել Հաագայի Վերաքննիչ դատարանի որոշումը։ «Սա նոր տեղեկություն է, ես դեռևս չեմ տիրապետում դրան, ուստի չեմ կարող մեկնաբանել այն», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

2005 թվականի փետրվարին ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին բաժնետերերի հետ կապված երեք ընկերություններ դատական հայցեր էին ներկայացրել Հաագայի Միջազգային արբիտրաժ՝ պահանջելով Ռուսաստանից մոտ 100 միլիարդ դոլար։ Հայցվորները մասնավորապես հղում էին անում Ռուսաստանի ստորագրած Էներգետիկ խարտիայի՝ ներդրումների պաշտպանության մասին դրույթներին:

2014-ի հուլիսին Միջազգային արբիտրաժը որոշել էր, որ ռուսական կողմը 2000-ականների սկզբին նավթային ընկերության ունեցվածքին տիրանալու նպատակով սնանկացրել է ՅՈՒԿՕՍ-ը, միաժամանակ ընկերության ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն հեռացրել քաղաքական ասպարեզից: Արբիտրաժը Ռուսաստանին պարտավորեցրել էր 50 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին բաժնետերերին:

Ռուսաստանը բողոքարկել էր Միջազգային արբիտրաժի որոշումը Հաագայի շրջանային դատարանում: 2016-ի ապրիլին դատարանը համաձայնել էր ռուսական կողմի փաստարկներին առ այն, որ Էներգետիկ խարտիայի պայմանագրով նախատեսված դրույթները չեն տարածվում ռուսական կողմի վրա, քանի որ Ռուսաստանը չի վավերացրել Էներգետիկ խարտիայի մասին պայմանագիրը, և չեղյալ է հայտարարել Միջազգային արբիտրաժի որոշումը։

2016 թվականի հուլիսին ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը դիմել էին Հաագայի Վերաքննիչ դատարան՝ Հաագայի շրջանային դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով, և հաղթել։

ՅՈՒԿՕՍ-ի այժմ նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին 2000-ականների սկզբին, երբ Վլադիմիր Պուտինը նոր էր նախագահ ընտրվել, Ռուսաստանի ամենահարուստ մարդն էր։ 2003-ին իշխանությունները Խոդորկովսկուն ձերբակալեցին, մեղադրեցին տարբեր հանցագործությունների մեջ, նա 10 տարի անցկացրեց կալանավայրերում։ 2013-ի դեկտեմբերին Պուտինը Խոդորկովսկուն ներում շնորհեց՝ Ռուսաստանից հեռանալու պայմանով։ Այսօր Խոդորկովսկին արտասահմանից շարունակում է պայքարը Ռուսաստանի իշխանությունների դեմ և Պուտինի ամենակոշտ քննադատներից է։

XS
SM
MD
LG