Մատչելիության հղումներ

«Մենք առնչվում ենք մեր հայրենակիցների հետ, ով հետաքրքրված է Հայաստանով». Սինանյանը կրկին Մոսկվայում է


Ռուսաստանում, պաշտոնական տվյալներով, շուրջ 2,5 միլիոն ռուսաստանցի հայ է ապրում և մի քանի հարյուր հազար հայաստանցի, որ դեռ չեն հասցրել քաղաքացիություն ստանալ կամ այստեղ պարզապես աշխատում են։

Հայ համայնքի խնդիրներով այսօր զբաղվում է Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարն ու նրա գրասենյակը։ Պատահական չէ, որ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պաշտոնն ստանձնելուց հետո արդեն երրորդ անգամ է այցելում Ռուսաստան։ Իսկ մարտին Սինանյանն այցելելու է նաև Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր ու Ռոստովի մարզ, որտեղ մեծ հայկական համայնք կա՝ իր բազմաթիվ խնդիրներով և սպասումներով։

Ընթացիկ այցը Ռուսաստան բավականին հագեցած է տարբեր հանդիպումներով։ «Ազատության» նկարահանող խմբի հետ, մասնավորապես, Սինանյանը հանդիպեց կիրակի երեկոյան և հարցազրույցից հետո էլ շտապեց մեկ այլ հանդիպման։

Այցի շրջանակում Մոսկվայում հանձնակատարը հանդիպել է և՛ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի, և՛ տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Իմաստը այցելության, իհարկե, փակելն է այն բացը, որ դեռ թերևս գոյություն ունի, այսինքն՝ խմբեր, կազմակերպություններ, որոնց հետ անցյալում չէի հանդիպել, որովհետև մոսկովյան համայնքը այնքան մեծ է, այնքան խորն է, որ մեկ, երկու, նույնիսկ երեք այցելությունների ընթացքում իրականում չի կարելի բոլորի հետ շփում հաստատել, հետևաբար՝ դա մի կողմն է այցելության։ Երկրորդ կողմը, որը երևի ավելի կարևոր է, կապը շարունակական պահելն է, այսինքն՝ ես վերջին անգամ այստեղ էի շատ կարճ այցով սեպտեմբեր ամսին, հիմնականում այցիս նպատակը Սանկտ Պետերբուրգ և Սոչի, Ադլեր գնալն էր, հետևաբար՝ վեց ամիս Մոսկվայից բացակայել, չվերադառնալ, մարդկանց չբացատրել, թե ինչ աշխատանք է տարվում վերջին վեց ամիսների ընթացքում, սխալ էր։ Հետևաբար՝ հանդիպումներիս հիմնական նպատակը նաև դա է, որպեսզի մարդկանց ասեմ, թե ահա թե ինչ է տեղի ունենում մեր գրասենյակում, ահա թե ինչ աշխատանք ենք մենք տանում, ահա թե ինչ ծրագրեր ունենք այս տարի, և նորից լսել մեր հայրենակիցների նոր խնդիրները», - ասաց Զարեհ Սինանյանը։

Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքում Հայաստանի նախկին իշխանությունները յուրահատուկ ձևաչափ էին մշակել և կիրառում՝ նրանք գերադասում էին աշխատել մեծամասամբ մեծահարուստ ռուսաստանաբնակ հայերի հետ, մնացած համայնքի հետ աշխատանքը սահմանափակվում էր տարբեր հայ աստղերի համերգներով՝ Մոսկվայում և Սոչիում։ Հեղափոխական իշխանությունների մոտեցումը միանգամայն տարբեր է։

«Մեծահարուստ հայերը, որ ապրում են Ռուսաստանում, ընդունեցի՞ն խաղի նոր կանոնները, թե՞ ոչ», - «Ազատության» այս հարցին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարն արձագանքեց. - «Ճիշտն ասած, տեղյակ չեմ, որովհետև ես իրենց հետ չեմ առնչվում»։ Հարցին էլ՝ «ինչո՞ւ», Զարեհ Սինանյանը պատասխանեց. - «Էդպես, մենք առնչվում ենք մեր հայրենակիցների հետ, ով որ հետաքրքրված է Հայաստանով, ով որ հետաքրքրված է մեր հայրենակիցների հետ... »։ «Այսինքն՝ աշխատանք իրենց հետ չի արվում, չկա», - ի պատասխան այս դիտարկման էլ հանձնակատարը հայտարարեց. - «Իրենց հետ, մեր դռները, իրենց հստակորեն հասկացվել է, որ դռները մեր բաց են, սակայն մեր դուռը բաց է՝ իրե՛նք պետք է ներս մտնեն կամ ոչ»։

XS
SM
MD
LG