Մատչելիության հղումներ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար է նշանակվել Զարեհ Սինանյանը


Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանն այսօր վարչապետի որոշմամբ նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Հանձնակատարի գրասենյակը ստեղծվել է կառավարության կառուցվածքում փոփոխությունների ընդունումից հետո և փոխարինում է 2009 թվականին հիմնադրված Սփյուռքի նախարարությանը:

Մոտ մեկ շաբաթ առաջ 43-ամյա Սինանյանը հրաժարվել է Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնից և հայտնել, որ աշխատանքի կանցնի Հայաստանում:

Սինանյանը Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ 2014-ին է դարձել։ Նա մշտապես աչքի է ընկել նախկին իշխանությունների քննադատությամբ, իսկ 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին աջակցում էր Նիկոլ Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարում Սինանյանի՝ Հայաստան տեղափոխվելու որոշումը։ Այսօր նրա հետ հանդիպմանը վարչապետն ասել է, որ սա նոր ժամանակներում խնդիրները լուծելու լավ հնարավորություն է։

Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխվի․ - «Մի քանի այցերի արդյունքում ես եկա էն համոզման, որ մենք սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք և այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում և ընդհանրապես հայկական նոր օրակարգի ձևավորման և այդ օրակարգի իրագործման աշխատանքներում»:

«Մեծ պատիվ և պարտականություն է այս աշխատանքը ստանձնելը», - վարչապետին ասել է Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ սփյուռքի մեծ ներուժը պետք է լավագույն իմաստով օգտագործել ի շահ հայրենիքի․ - «Մեր խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում բացվել են դռները այն համագործակցության, իսկական, իմաստալից, խոր համագործակցության սփյուռքի և Հայաստանի միջև, որի արդյունքները կարող են պարզապես անբնութագրելիորեն լավ լինել և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի համար»:

Զարեհ Սինանյանը ծնվել է Երևանում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Կալիֆորնիայի Բըրբենք քաղաքում։ Մասնագիտությամբ քաղաքագետ և իրավաբան է:

Սփյուռքի հարցերով հանձնակատարի նորաստեղծ գրասենյակը կունենա 25 հաստիք: Սինանյանը կլինի վարչապետի ներկայացուցիչը սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ:

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի, հանձնակատարի գրասենյակի նպատակն է աջակցել վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովմանը և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականությանը: Այս աշխատանքների շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:

Մոտ 5 տարի Սփյուռքի փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սրապիոնյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախարարության լուծարումն անհեթեթություն էր։

Նրա խոսքով՝ եթե նկատելի էր նախարարության որոշ չարած աշխատանքներ, ընդամենը պետք էր աշխատել այդ ուղղությամբ․ - «Եվ էդքան թեթև ձեռքով փակել էդպիսի մի նախարարություն, որը, ըստ էության, Արտաքին գործերի նախարարության յուրօրինակ դերակատարում ուներ՝ զուտ հայկական միջավայրը նկատի ունենալով: Էդքան թեթև ձեռքով փակելը, կարծում եմ, կոպիտ սխալ էր: Եվ շատ շուտով կերևան էդ սխալի հետևանքները»:

Ըստ նախկին պաշտոնյայի, նոր ստեղծված հանձնակատարի գրասենյակի գործունեության մասին դեռ ոչ ոք պատկերացում չունի։

Ինչ վերաբերում է Զարեհ Սինանյանի նշանակմանը, Սրապիոնյանն ասաց, որ նա ծանոթ է ամերիկյան կառավարման համակարգին, բայց ոչ աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներին․ - «Հանձնակատարի դերակատարման մասին ոչ մի հոդաբաշխ միտք մինչև հիմա չի ասվել կառավարման ոչ մի աստիճանավորի կողմից: Մենք չգիտենք էդ հանձնակատարի դերակատարումը ինչ է լինելու, որոնք են նրա ֆունկցիաները, ինչ պարտականություններ և իրավունքներ ունի, ինչ հնարավորություններ ունի: Եթե դա լինելու է Գլենդեյլի քաղաքապետը՝ Զարեհ Սինանյանը, այո, կիրթ տղա է, մեծացել է ամերիկյան միջավայրում: Կառավարման նրա գիտելիքները ամերիկյան պետական կառավարման գիտելիքներ են, և ամերիկահայ լինելը դեռևս սփյուռքագետ չի նշանակում: Որովհետև նա ծանոթ է ամերիկահայ համայնքին, էն էլ՝ կենտրոնացված լոսանջելեսյան համայնքին, բայց 105 երկրում հայկական համայնքներ կան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG