Մատչելիության հղումներ

«Ոչ պրոֆեսիոնալ մոտեցման գլոբալ խնդիր է, որ էսօր մենք հասել ենք էս օրին». Աբրահամ Խաշմանյան


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ, Արթուր Վանեցյանի օրոք նշանակված Աբրահամ Խաշմանյանի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նոր ղեկավարության ծրագրերը չեն համընկել։

«Դրա համար կարծում եմ, որ նպատակահարմար էր, որ փոխհամաձայնությամբ մենք խզեինք մեր պրոֆեսիոնալ պայմանագիրը», - ասաց Խաշմանյանը։

Այս շաբաթ ֆեդերացիայի հետ պայմանագիրը դադարեցրած Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին ընդամենը երկու հանդիպում անցկացրեց, նախ, Երևանում 0։1 հաշվով զիջելով հույներին, ապա դրսում գերխոշոր՝ 9։1 հաշվով պարտվելով իտալացիներին։

Մասնագետը շեշտում է՝ ինքն այս հանդիպումներից ընդամենը 6 օր առաջ էր նշանակվել ու չի հասցրել որևէ բան անել. «Ասեմ հետևյալը, ով էլ ուզում է լիներ, աշխարհի ամենահզորագույն մարզիչն էլ լիներ, նման իրավիճակ էր լինելու, որովհետև շատ լավ գիտեք՝ կային մի քանի հարցեր, որ շատ գլոբալ էին, ու այդ հարցերը հենց նպաստում էին նրան, որ նման իրավիճակ ստեղծվեր»։

Իտալական մղձավանջից հետո Խաշմանյանին շատերը մեղադրեցին սխալ տակտիկական սխեմա ընտրելու մեջ, երկու խաղերում թիմի մեկնարկային կազմում միանգամից երեք կենտրոնական պաշտպան էր խաղում։

«Նման ստեղծված իրավիճակում խաղային սխեման, համակարգը անցնում է ամենավերջին պլան։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է լինի լավ կազմակերպվածություն, երկաթյա կարգապահության, հետո նոր գալիս են արդեն ինչ-որ խաղային սխեմաները կամ տակտիկական մտահղացումները», - ասաց Աբրահամ Խաշմանյանը:

Նախկին գլխավոր մարզիչը իր հարցազրույցներում և ասուլիսներում միշտ բարձրաձայնում է ֆուտբոլիստների սերնդափոխության անհրաժեշտության մասին, այդուհանդերձ նա սերնդափոխության ճանապարհը չի տեսնում։

«Ազգային հավաքականի համար այսօր մենք չունենք էդ ռեսուրսները, բայց սա, ես ինչ որ նշում եմ, որ պետք է մի 3-4 երիտասարդ ավելի խաղացող ներգրավել ազգային հավաքականի կազմ, սա հարկադրված քայլ է։ Եթե անգամ մի փոքր անհատական վարպետությունը զիջի այն ֆուտբոլիստներին, որոնք որ եղել են երկար տարիներ, ինձ թվում է, որ սա ճիշտ քայլ է, քանի որ մեզ կբերի ավելի մեծ մոտիվացիայի, մեզ կբերի ավելի մթնոլորտի մաքրմանը, որը շատ կարևորում եմ ֆուտբոլի մեջ», - նշեց Աբրահամ Խաշմանյանը։

Խաշմանյանի խոսքով՝ Հայաստանում հայազգի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների թիվը 100-ի չի հասնում։ «Սա տարիների ընթացքում ոչ ճիշտ աշխատանքների, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման գլոբալ խնդիր է, որ էսօր մենք հասել ենք էս օրին։ Այս իրավիճակը, որ ստեղծվել է, այդ տարիների խնդիրն է, որովհետև տարիներ շարունակ խոսվել է մենակ մի բան՝ «մենք պատրաստում ենք ֆուտբոլիստներ», «մեզ արդյունքներ պետք չի», «մենք ազգային հավաքականի համար պատրաստում ենք ֆուտբոլիստներ», հիմա ես հարց եմ տալիս ու միշտ տվել եմ՝ իսկ ո՞ւր են էդ ֆուտբոլիստները», - ասաց նախկին գլխավոր մարզիչը։

Նա հույս ունի, որ հիմա ճիշտ քայլեր կլինեն, և 5-6 տարում հնարավոր կլինի լավ կադրեր պատրաստել ու ընդգրկել ազգային հավաքականում։ Խաշմանյանն 9։1-ից հետո ասել էր՝ խաղում էր ոչ թե ազգային հավաքականը, այլ պարզապես հավաքական, այս խոսքերը մեկնաբանել էր ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը, թե թիմակիցները վրդովված են Խաշմանյանի արտահայտությունից։

«Առաջինը կազմակերպվածության հարցն էր, որը որ ես տեսա, կոնկրետ էդ խաղերի համար եմ ասում, ես չգիտեմ՝ ինձանից առաջ ինչ է եղել, կարծում եմ՝ նորմալ է եղել, որովհետև հստակ կար Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Իմ ժամանակ արդեն, ես որ ստանձնեցի ղեկը, Հունաստանի խաղից առաջ, արդեն դե ֆակտո չկար պարոն Վանեցյանը», - նշեց Խաշմանյանը։

Այդուհանդերձ մասնագետն ընդգծում է՝ ինքը հիմա էլ շփվում է թիմի խաղացողների 60 տոկոսի հետ և շատ լավ հարաբերություններ ունի. «Մի մոռացեք՝ սա ազգային հավաքականն է, սա գագաթնակետն է։ Լավ է, վատ է, եթե դու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ես, դու պետք է գաս քո գործը 100-տոկոսանոց անես, ամեն ինչ տաս ու գնաս։ Էսօր մեր մոտ մի քիչ խառնվել է իրար, քաոսային իրավիճակ է, որն անթույլատրելի է»։

Խաշմանյանը պնդում է՝ Հայաստանի հավաքականում հստակ օրենքներ պիտի գործեն, լինեն հստակ պարգևատրումներ, ինչպես նաև պատժամիջոցներ։

Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ մարզչի անունը դեռ հայտնի չէ, ֆեդերացիան փնտրտուքների մեջ է՝ հայկական ֆուտբոլային աշխարհը արտասահմանցի մասնագետ է ակնկալում տեսնել այս պաշտոնում։

XS
SM
MD
LG