Մատչելիության հղումներ

ՀՖՖ-ում սկսել են ազգային հավաքականի հաջորդ գլխավոր մարզչի ընտրության հարցով քննարկումները


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյան, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնությամբ որոշել են խզել պայմանագիրը: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:

«Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել պարոն Խաշմանյանի հետ, հարցը քննարկել ենք գործկոմով և որոշել ենք չշարունակել համագործակցությունը», - ասաց ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

Հավաքականը Խաշմանյանի ղեկավարությամբ ընդամենը երկու հանդիպում անցկացրեց Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակում: Երևանում նվազագույն՝ 0:1 հաշվով զիջեց Հունաստանի ընտրանուն, ապա Պալերմոյում գերխոշոր՝ 9:1 հաշվով պարտվեց Իտալիային: Իտալացիների հետ խաղից հետո ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, մեկնաբանելով Խաշմանյանի խոսքերը, թե իտալացիների դեմ խաղում էր ոչ թե ազգային հավաքականը, այլ պարզապես հավաքական, ասել էր՝ թիմակիցները վրդովված են Խաշմանյանի խոսքերից։

Ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը «Ազատությանը» հայտնեց՝ այսօրվանից արդեն սկսում են ազգային ընտրանու նոր ղեկավարի փնտրտուքները. - «Մենք հույս ունենք հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ մարտի 26-ին արդեն մենք խաղ ունենք, և այդ խաղին պիտի նոր մարզիչ պատրաստի հավաքականը»:

Տեղացի՞, թե՞ արտասահմանցի գլխավոր մարզիչ, Նիկողոսյանի խոսքով՝ իրենք բոլոր տարբերակները քննարկելու են, լսելու են նաև ֆուտբոլային հանրության կարծիքը:

Ֆուտբոլային աշխարհում Խաշմանյանի՝ պաշտոնը լքելու մասին լուրն անակնկալ չէր:

«9:1-ից հետո երևի թե ամենատրամաբանական բանը կլիներ դա, բայց հետո ժամանակի ընթացքում նորությունը չէր գալիս, ուստի մենք արդեն լրագրողների որոշ խմբով մտածում էինք, որ Աբրահամ Խաշմանյանին այնուամենայնիվ տան հնարավորություն», - ասաց մարզական լրագրող Ռոբերտ Գասպարյանը ու հավելեց, որ արդեն կան խոսակցություններ, որ հավաքականի ղեկը կստանձնի արտասահմանցի մասնագետ:

«Հայաստանում էլ մարզիչ չմնաց, որ աշխատի, Վարդան Մինասյանին դժվար երրորդ անգամ բերեն, Արմեն Գյուլբուդաղյանցին երկրորդ անգամ չեն բերի, այլ մարզիչ Հայաստանում ուղղակի չկա: Արմեն Ադամյան, Արամ Ոսկանյան, բայց նրանք հավաքականի մարզիչ չեն: Խոսակցություններ կան, որ լինելու է Այտոր Կարանկան», - նկատեց Գասպարյանը:

Լրագրողի խոսքով՝ ով էլ լինի, պիտի ծանոթ լինի ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի Խինես Մելենդեսի աշխատանքին. - «Անպայման պետք է համաձայնեցնել Մելենդեսի հետ, արդեն դրան է գնում ամեն ինչ, այսինքն՝ բերեն պորտուգալացի մարզիչ, պահեն իսպանացի տեխնիկական գծով տնօրեն, իրատեսական չի: Ինձ թվում է՝ իսպանացի մարզիչ է լինելու, թե ինչ խնդիր է իր առջև դրված լինելու, դժվար է ասել, բայց այն, որ արտասահմանցի մարզիչ է լինելու հաջորդը, դա միանշանակ է»:

Գևորգ Ղազարյանը, որը նույնպես մարզական լրագրող է, ցանկանում է, որ ազգային թիմի հաջորդ ղեկավարը դրսից լինի. - «Իտալական կամ իսպանական, մենք ամբողջ Եվրոպայում տեսնում ենք, որ հատկապես այդ երկրների մարզիչները հիմա թելադրող են: Իսպանականը հատկապես, ինձ թվում է, որ ճիշտ կլինի, քանի որ արդեն ինչ-որ գոյություն ունեցող հիմքի վրա նա կլինի: Միանշանակ, ես ավելի շատ կողմ եմ արտասահմանցի մարզիչի»:

Երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Մհեր Խուդավերդյանը կարևորում է, որ նոր գլխավոր մարզիչը համբավ ունեցող մասնագետ լինի․ - «Անուններ այս պահին ես էլ չեմ կարող տալ, բայց հույս ունեմ, որ ֆեդերացիան շատ մանրակրկիտ ընտրություն կկատարի»:


XS
SM
MD
LG