Մատչելիության հղումներ

Վահագն Վերմիշյանի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյաn, արխիվ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: Իսկ թե ովքե՞ր են նրանք ու ի՞նչ հոդվածներով են մեղադրվում, Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) փակագծերը դեռ չեն բացում, միայն հայտնում են, որ 6 անձանցից 3-ն արդեն կալանավորվել են՝ դատարանի որոշմամբ։

Դեռ անցած շաբաթ ԱԱԾ-ն այս գործով երկու անձ էր ձերբակալել, նրանցից մեկը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է, ում նկատմամբ գրավ էր կիրառվել: Նրան առանձնապես խոշոր չափի կաշառք տալու մեղադրանք է առաջադրվել: Մյուս ձերբակալված անձի անունն ու մեղադրանքը չէին հայտնել։

Ավելի վաղ էլ կալանավորվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Վահագն Վերմիշյանը։ Նրա լիազորությունները դեռ չեն դադարեցվել։ Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում ասել էր փաստաբան Մուշեղ Առաքելյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, տարածած հաղորդագրության մեջ ավելի վաղ պնդել էր, որ Վերմիշյանը հարցաքննության ժամանակ խոստովանել է, թե հանցագործություն է կատարել։

Ըստ ԱԱԾ-ի, Քաղաքաշինության կոմիտեն մոտ մեկ տարի ղեկավարած Վերմիշյանն իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին գործարքներ կատարել հենց այդ ընկերության հետ։ Իրավապահների փոխանցմամբ՝ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը։ Դրա դիմաց անձամբ կամ էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով գումար կամ էլ այդ արժեքի ապրանք է կաշառք ստացել։

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը անցած տարի հոկտեմբերին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ որպես կաշառք ստանալով 5000 դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար դրամի շինանյութ, անցած շաբաթ հաղորդել էր ԱԱԾ-ն։

55-ամյա Վերմիշյանի պաշտոնավարումը հարթ չէր անցել նաև Ռուսաստանում, որտեղ նա 2014-2017 թվականներին Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետն էր: Ըստ Media.am-ի հետաքննության, Վերմիշյանն այդ պաշտոնից ստիպված հրաժարական է տվել՝ քաղաքի պատմական սալիկահատակի ապամոնտաժման՝ իր ծրագրի դեմ սկսված բողոքի ակցիաներից հետո:

XS
SM
MD
LG