Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյան, արխիվ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ): Այսօր ԱԱԾ-ն խուզարկություն էր անցկացրել նրա աշխատասենյակում ու իրեր առգրավել:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2.5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

ԱԱԾ-ն հաղորդում է, որ նա իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊԸ և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել այդ ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

«Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը՝ այդ թվում Վահագն Վերմիշյանը ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։

Մասնագիտությամբ ճարտարապետ, 55-ամյա Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2019-ի մարտին, նա մինչ այդ Երևանի քաղաքապետի խորհրդականն է եղել, նախկինում էլ մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունում։

Վերմիշյանը մի առիթով հայտարարել է՝ տարբեր ժամանակներում 5 միլիոնից ավելի շինություններ է կառուցել։ Ըստ Media.am-ի՝ նրա կենսագրությանը վերաբերող հրապարակման՝ Վերմիշյանն ինքն իրեն ոչ հավաստի ձեռքբերումներ է վերագրել, իսկ ռուսական Օրյոլի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական է տվել դժգոհության և բողոքի ալիքից հետո։ Նա, ըստ լրագրողական հետաքննության, Օրյոլում նախաձեռնել էր քաղաքի ամենահին փողոցներից մեկի վերակառուցման նախագիծը։ Այն նախատեսում էր պատմական սալիկահատակի ապամոնտաժում, ինչի դեմ բողոքի ակցիաներ են եղել, արդյունքում հին սալահատիկը որոշեցին պահպանել, վերակառուցումն իրականացվեց անորակ և նախնական նախագծին ոչ համապատասխան՝ հարուցելով քննադատության ալիք, Վերմիշյանը հրաժարական տվեց։

Հոկտեմբերին հրաժարական տված Կադաստրի կոմիտեն ղեկավարող Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության ոլորտում: «Ես՝ որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», - գրել էր Պետրոսյանը։

Դե իսկ արդեն «Ազատության» հետ զրույցում նա ասել էր, որ Վերմիշյանին լուրջ չի ընդունում, և որ նրան լուրջ չեն ընդունում նաև կառավարությունում և իր ղեկավարած կոմիտեում: Վերմիշյանն էլ իր հերթին քննադատել էր Սարհատ Պետրոսյանի աշխատանքը Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ ասելով, որ Պետրոսյանն իր տեղում չէ և հեռու է քաղաքաշինությունից։


XS
SM
MD
LG