Մատչելիության հղումներ

«Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական առևտուր». «Լուսավոր Հայաստանը»՝ կառավարության որոշման մասին


Կառավարությունն այսօր որոշեց ևս 3 ամսով երկարացնել ցեմենտի ներմուծման համար սահմանվող պետական տուրքը:

«Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովում ընդունվել էր 2019 թվականի հունիսի 3-ին։ Փոփոխության համաձայն՝ ցեմենտի ներմուծումը համարվում է ծանուցման ենթակա գործունեություն և սահմանվել է պետական տուրք՝ 14 հազար դրամի չափով: Նպատակը ցեմենտի ներքին արտադրությունը խթանելն է:

Նախագիծը զեկուցում էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Ավագ Ավանեսյանը:

«Մենք առաջարկում ենք ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը», - նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Եթե 2018 թվականին Իրանից ցեմենտի ամսական ներմուծման ծավալները կազմել են մոտ 19 հազար տոննա, ապա օրենքի փոփոխությունից հետո հասել է 16 հազար 800-ի: Փոխարենը եռակի աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Կլինկերը ցեմենտի պատրաստման համար օգտագործվող թրծված խառնուրդ է, որի ինքնարժեքը ցեմենտից շատ ավելի ցածր է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չբացառեց հետագայում կլինկերի վրա ևս տուրք սահմանելու տարբերակը: Կարևորը՝ հասկանալ, թե դա ինչքանով կօգնի տեղի արտադրողին:

«Կհասկանանք հետագա կարգավորումների չափը և արդյո՞ք կլինկերի համար նույնպես պետտուրք պետք է սահմանել, թե ոչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը», - նշեց Ավինյանը։

Հայկական ընկերություններից այս ընթացքում արտադրության ծավալների աճ ունեցել է մեկ ընկերություն, որի անունը փոխնախարարը նիստի ընթացքում չհրապարակեց: Նկատենք՝ Հայաստանում ցեմենտի հումք արտադրող խոշոր գործարաններից մեկը՝ «ԱրարատՑեմենտը» պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին:

Դեռ ամռանը ԱԺ քննարկումների ժամանակ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» դեմ էր նախագծին՝ պնդելով՝ մի ամբողջ խմբակցություն լծվել է Գագիկ Ծառուկյանի բիզնես շահերի պաշտպանությանը:

«Երբ որ դու մի անձի, ով որ բոլորին հայտնի օլիգարխ է, անվանում ես գործարար և թույլ ես տալիս այդ իմաստով շարունակել մնալ քաղաքականության մեջ և ապա ընդունում ես որոշումներ, որոնք բխում են այդ անձի շահերից, սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական առևտուր, երբ ամեն պահի դու ունես լծակներ որոշումների վրա ազդեցության, սա ի՞նչ է, եթե ոչ առևտուր քաղաքական ուժի հետ։ Հատկապես այս համատեքստում, երբ որ մենք ունենք քաղաքական լրջագույն խնդիրներ լուծելու և հասկանալու դիրքորոշումներ, սա ի՞նչ է, եթե ոչ առևտուր։ Քաղաքացիներն էլ են դա տեսնում, այդ ենթադրություններն էլ են կարողանում անել, հետևաբար, երբ որ մեզ ասում են՝ «ինչի՞ է ձեզ իշխանական ուժն այդքան քարկոծում», մենք ասում ենք՝ «որովհետև մենք անխոցելի ենք, մեզ նման ընդդիմությունը շատ վտանգավոր է այն իմաստով, որ անկաշկանդ է, որի վրա քրեական գործեր չես կարող հարուցել, որը չունի բիզնես շահեր, որը կտրորեն», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կառավարության հաստատած նախագծին դեռ չի ծանոթացել, բայց կարծում է՝ այս 3 ամիսն իրենց ժամանակ կտա, որպեսզի խնդրին ավելի խորքային լուծում տան: Ասում է՝ քաղաքական առևտրի խնդիր այստեղ չկա։

«Տուրքը, որ ընդունվել է, մենակ Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարտՑեմենտի» համար չի ընդունվել, այլ ընդունվել է ընդհանրապես Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող բոլոր ընկերությունների համար», - նշեց Թունյանը։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ողջունում է կառավարության քայլը, ասում է՝ իրենց դիրքորոշումը նույնն է, պետք է առաջնահերթ լինի հայրենական արտադրանքը։

«Ով որ ուզում է լինի՝ Ծառուկյանը կլինի, ուրիշ սեփականատեր կլինի, տեղական արտադրողի և տեղական աշխատատեղերը պետք է պաշտպանվեն», - նշեց Միքայել Մելքումյանը։

«Ազատության» հարցին՝ դա կառավարության կողմից բարի քայլի դրսևորո՞ւմ էր ԲՀԿ-ի նկատմամբ, Մելքումյանը պատասխանեց. «Ես չգիտեմ էսօր ինչ են որոշել»։

Մանե Թանդիլյանն ասում է՝ ներմուծման խոչընդոտը դեռևս տեղական արտադրողին արտոնություն չէ: Իրենք արտոնությանը դեմ չեն, բայց նման կտրուկ քայլի տնտեսական ռիսկերն, ըստ պատգամավորի, մեծ են։

«Երբ որ խոչընդոտում ես ներմուծումը, տեղական արտադրողը շահագրգռվածություն չունի տեխնոլոգիական վերազինման և մրցունակ դառնալու համար», - ասաց Թանդիլյանը։

Կառավարության նիստին մտահոգություն հնչեցրեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ասաց՝ ներմուծողի համար տուրք սահմանելը ԵԱՏՄ կանոններին համահունչ չէ։

«Օրենսդրական այնպիսի լուծում գտնենք, որը չհակասի ԵԱՏՄ-ի տրամաբանությանը, բայց ես գրեթե համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության մեր այլ գործընկերները համանման կարգավորումներ միգուցե այլ ձևով տարբեր ապրանքատեսակների համար ունեն, որովհետև ենթադրաբար սա էն ծավալն էր, որ ներմուծվում էր, որն իրապես մեր շուկայի համար վտանգ էր, այսինքն՝ շուկայում արտադրողների վերացման վտանգը կանգնած էր մեր առջև», - նշեց փոխվարչապետը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG