Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի հակառակորդների սպանությունները խոստովանած Գարավսկին բացահայտել է իր գտնվելու վայրը


Բելառուս- ընդդիմադիր ակտիվիստները ԱԱԾ շենքի առջև են՝ ձեռքներին անհետ կորած անձանց լուսանկարները, որոնց սպանության մասին հայտարարել է Յուրի Գարավսկին, 7 նոյեմբերի, 2016թ.
Բելառուս- ընդդիմադիր ակտիվիստները ԱԱԾ շենքի առջև են՝ ձեռքներին անհետ կորած անձանց լուսանկարները, որոնց սպանության մասին հայտարարել է Յուրի Գարավսկին, 7 նոյեմբերի, 2016թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդների, քննադատողների 20-ամյա վաղեմության սպանությունները խոստովանած նախկին հատուկ ջոկատային Յուրի Գարավսկին բացահայտել է իր գտնվելու վայրը:

Մինչ այս չկոնկրետացնելով՝ նա ասել էր, թե գտնվում է Եվրոպայում, բայց հիմա անիմաստ է համարում գտնվելու վայրը գաղտնի պահելը, միևնույն է՝ կարող են հետևել մոտիկ մարդկանց, հեռախոսի կոդով պարզել, թե որտեղ է գտնվում ու հայտնել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայում: Միաժամանակ նա չի թաքցրել, որ գտնվելով Շվեյցարիայում միևնույն է՝ վախենում է կյանքի համար:

«Այդ մարդկանց սպանություններից հետո բոլոր այս տարիներին ես վախեցել եմ, որ մեզ մեկ առ մեկ կչեզոքացնեն կամ կբանտարկեն: Հիմա էլ չեմ բացառում, որ կգան իմ հետևից, բայց ամեն դեպքում այստեղ ողջ մնալու շանսեր կան»,- ասել է նա:

41-ամյա Յուրի Գարավսկին անցած դեկտեմբերին «Deutsche Welle»-ի հարցազույցում ասել էր, թե 1999-2004 թվականներին ծառայել է Բելառուսի ներքին գործերի նախարարության արագ արձագանքման զորքերի հատուկ ջոկատում: Նրա խոստովանած սպանությունները կատարվել են 1999 թվականին: Նա հայտնել էր, որ վերևից իջեցված հրամաններով առևանգել ու սպանել են Բելառուսի ներքին գործերի նախարարի տեղակալ Յուրի Զախարենկոյին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Գոնչարին և ընդդիմությանն աջակցող գործարար Անատոլի Կրասովսկիին:

Նա ասել է, թե անձամբ ինքը չի սպանել, մասնակցել է այդ գործողություններին, անուններ է տվել, հայտնել, թե ուր են տարել սպանվածների մարմինները: Բելառուսի նախկին հատուկ ջոկատայինն ընդունում է մեղքը, բայց ցանկանում է դատվել Եվրոպայում, ոչ թե Բելառուսում:

Յուրի Գարավսկիի այդ սկանդալային հարցազրույցից հետո Բելառուսի քննչական կոմիտեն երկարաձգել է Զախարենկոյի, Գոնչարի ու Կրասովսկիի անհետ կորելու հոդվածով հարուցված գործերի քննությունը մինչև 2020թ. փետրվարի 18-ը: Գործերը վերաբացելու հրահանգը տվել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ես անհապաղ հրահանգեցի, երբ այդ մասին մամուլի ծառայությունը զեկուցեց ինձ»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել էր Լուկաշենկոն: Նա այդ հարցազրույցը սադրանք էր համարել՝ ասելով, թե Քննչական կոմիտեի ղեկավարին նաև հանձնարարել է հարցումներ ուղարկել, եթե չպատասխանեն, ապա նրա (Յուրի Գարավսկիի) նկատմամբ հետախուզում կհայտարարվի:

Անցած տարիների ընթացքում այդ գործերի քննությունը դադարեցվել էր: Հիմա, ըստ հարուցված գործի, անհետացած, ըստ Գարավսկիի՝ սպանված մարդկանց հարազատները ծանուցումներ են ստացել գործերի քննությունը երկարաձգելու մասին: Նախկիում այդ գործերի քննությունը շարունակելու անհրաժեշտության մասին անարդյունք պնդում էր ընդդիմությունը:

Յուրի Գարավսկիի հետ հարցազրույցի հեղինակներին՝ «Deutsche Welle»-ի երեք թղթակիցներին, անցած հունվարի 31-ին Վարշավայում շնորհվել է «Խարտիա-97» մրցանակը՝ խոսքի ազատության և հանրային կարևոր տեղեկատվություն ձեռք բերելու համար:

2018-ի աշնանը Բելառուսը լքելուց հետո Յուրի Գարավսկիի այժմյան գտնվելու վայրը հայտնի դառնալը համընկնում է Շվեյցարիայի արտգործնախարարի այցի հետ. փետրվարի 12-13-ը նախատեսված է Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը Մինսկ: Երկու երկրների հարաբերություններում սա շվեյցարիական կողմից նման բարձր մակարդակի առաջին այցն է Բելառուս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG