Ղազախստանի հարավում տեղի ունեցած արյունալի բռնությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի, դաժան ծեծկռտուքի հետևանքով տասնյակ անձինք, այդ թվում՝ ոստիկաններ, հրազենային վնասվածքներ են ստացել, վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, տասնյակ տներ և խանութներ: Շուրջ հինգ տասնյակ մարդ ձերբակալվել է:
Անկարգությունները, որոնց ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ, բռնկվել են Ջամբուլ նահանգի Մասանչի գյուղում: Այդ երկրամասում բնակվում են դունգանները՝ ծագումով Չինաստանից, մահմեդականություն դավանող էթնիկ խումբ, որը Միջին Ասիա է տեղափոխվել 19-րդ դարի երկրորդ կեսին՝ իշխանությունների հալածանքների պատճառով:
Ըստ պաշտոնական վարկածի կենցաղային հողի վրա առաջած ընդհարումը վերածվել է միջէթնիկ բախումների՝ տարածվելով շրջակա հինգ գյուղերով։ Արյունալի ընդհարումների պատճառով այդ օրը՝ փետրվարի 7-ին, մերձակա գյուղերից շուրջ 4 հազար 500 բնակիչներ, իրենց անվտանգության համար մտավախություններից ելնելով, հանգստյան օրերին անցել էին հարևան Ղրղըզստան: Նրանց թվում կան նաև վիրավորներ, որոնց մեծ մասը Ղրղըզստանում դիմել է բժշկական օգնության:
«Սարսափելի էր, բոլոր շենքերն այրվում էին», - պատմել է բնակիչներից մեկը, ով երեխայի հետ էր փախչել հարևան երկիր: - «Երեխաները չէին կարողանում դպրոցից դուրս գալ։ Ես սպասում էի, սպասում մինչև երեկոյան ժամը 6-ը, 7-ը: Երբ նրանք եկան, ես ընթրիք պատրաստեցի, բայց նրանք ուտել չէին ուզում։ Գյուղի կենտրոնում պատերազմ էր, այրվում էր։ Հետո սկսեցին կրակոցները, սարսափելի էր: Երեխաները տեսել են այդ ամենը, տեսել են կրակող մարդկանց»:
Ղրղըզստանում, որտեղ նույնպես բնակվում են դունգաններ, Ղազախստանից ժամանած հայրենակիցներին ընդունել են գրկաբաց՝ կերակրել նրանց, հագուստ և տանիք տրամադրել։
Վանգին Ուսանովը, ով Ղրղըզստանում դունգանների համայնքից է, պատմում է, թե ինչպես են ապաստան տվել հարևան երկրից ժամանած ազգակիցներին. - «Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են, մենք բոլորին տեղավորել ենք ընկերների և բարեկամների տներում»։
Ղրղըզական հիվանդանոցից հայտնել են, որ տասնյակ անձինք դիմել են բժշկական օգնության խնդրանքով:
Ղազախստանի կառավարությունը խոստացել է օգնել տեղահանված ընտանիքներին վերադարձի և բնակարանների վերականգնման հարցում։
Ազգային այս փոքրամասնությունը ոչ Ղազախստանում, ոչ էլ Ղրղըզստանում երբևէ չէր ներքաշվել զանգվածային բախումների մեջ։ Թե որն էր այս անգամ բուն պատճառը, իրավապահները չեն շտապում հստակեցնել, ստացվող կցկտուր տեղեկություններն էլ իրարամերժ են: