Մատչելիության հղումներ

Գլխավոր «Օսկարը» առաջին անգամ շնորհվեց օտարալեզու կինոնկարի


Աղքատների ու հարուստների, սոցիալական անհավասարության ու անարդարության մասին հավերժ թվացող պատմությունը դարձավ այս տարվա «Օսկարի» թիվ մեկ անակնկալը: Հեղինակավոր մրցանակաբաշխության գրեթե հարյուրամյա պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային կինոյի բարձրագույն պարգևին արժանացավ օտարալեզու կինոնկար. «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» ստացավ Ամերիկայի սահմաններից դուրս նկարահանված հարավկորեական «Մակաբույծ» կինոնկարը:

Ընդ որում, սա «Մակաբույծի» միակ հաջողությունը չէր։ Ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն ճանաչվեց նաև տարվա լավագույն ռեժիսոր։ Բացի այդ, ստեղծագործական թիմը, շարունակելով աննախադեպ հաջողություններ շղթան, «Օսկար» ստացավ նաև «Լավագույն սցենար» և «Արտերկրում նկարահանված լավագույն կինոնկար» անվանակարգերում։

Հարավկորեացի ռեժիսորը, հերթական «Օսկարի» համար բարձրանալով բեմ, հրապարակեց հաջողության իր բանաձևը. - «Երբ ես երիտասարդ էի և սովորում էի, մի ասույթ կար, որ շատ խորը պահել էի հոգուս մեջ՝ ամենաանձնականը հիմք է տալիս ամենաստեղծագործ պատմության համար»:

Նրա ավելի քան երկու ժամ տևողությամբ ֆիլմը պատմում է երկու՝ տրամագծորեն տարբեր իրականություններում ապրող հարավկորեացի ընտանիքների մասին: Երկուսն էլ բնակվում են միևնույն քաղաքում՝ հայր-մայր, երկու երեխաներ։ Միայն թե մեկը ստիպված է աշխարհին նայել նկուղի գորշ պատուհանից ու ինտերնետը գողանալ հարևանից, մյուսն այնքան մեծ առանձնատուն ունի, որ տեղյակ չէ անգամ սեփական նկուղում տարիներով պատսպարված տղամարդու մասին:

«Իրական կյանքում այս ընտանիքների ճանապարհները երբեք չեն հատվում։ Իսկ մենք ուզում էինք ցույց տալ, թե ինչ է լինում, երբ նրանք անակնկալ հանդիպում ու շփվում են մեր խիստ բևեռացված աշխարհում», - ասել էր հարավկորեացի ռեժիսորը՝ իր ֆիլմը բնորոշելով որպես «կատակերգություն՝առանց ծաղրածուների, ողբերգություն՝առանց սրիկաների»:

Լավագույն ֆիլմի համար պայքարող մյուս կինոնկարը՝ «Ջոկերը», որն ըստ կինոքննադատների, հաղթելու մեծ շանսեր ուներ, «Օսկարի» արժանացավ «Լավագույն դերասան» անվանակարգում: Գլխավոր կերպարը մարմնավորող Խոակին Ֆենիքսը երկարատև ու զգացմունքային ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր բազմաթիվ սխալներից հետո ներել ու երկրորդ շանսն են տվել իրեն:

«Ես ստահակի մեկն եմ եղել, եսասեր, երբեմն դաժան մի մարդ, որի հետ դժվար էր աշխատել: Այսօր ես երախտապարտ եմ այս սրահում հավաքվածներից շատերին, որ ինձ երկրորդ հնարավորությունը տվեցին: Կարծում եմ, դա լավագույնն է, որ մենք կարող ենք անել՝ աջակցել միմյանց: Ոչ թե երես թեքել անցյալի սխալների համար, այլ օգնել, որ կողքինդ առաջ գնա, կրթվի, առաջնորդել մեղքերից մաքրվելու ճանապարհին: Եղբայրս, երբ 17 տարեկան էր, գրել էրվազ տուր՝ հանուն ուրիշի փրկության, արա դա սիրով, և խաղաղություն կգտնես», - արցունքները մի կերպ զսպելով՝ հայտարարեց նա:

«Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» արժանացավ Ռենե Զելվեգերը՝ Հոլիվուդի լեգենդներից մեկի՝ Ջուդի Գարլանդի կերպարը մարմնավորելու համար: Սա Զելվեգերի երկրորդ «Օսկարն» է, և առաջինը՝ 6 տարվա ստեղծագործական դադարից հետո:

Ինչպես և նախկինում, այս անգամ էլ հոլիվուդյան աստղերն օգտագործեցին հեղինակավոր մրցանակաբաշխությունը քաղաքական հայտարարությունների համար: Բրեդ Փիթը, որ առաջին անգամ «Օսկար» ստացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, հիշեց նախագահ Թրամփի իմփիչմենթի դատավարությունը և ակնարկեց, որ նախագահի կուսակից հանրապետականները այդպես էլ հնարավորություն չտվեցին, որ հավելյալ վկաներ գան Կոնգրես։

«Ինձ ասացին, 45 վայրկյան ունեմ ելույթիս համար : Ասել է թե՝ ես 45 վայրկյան ավելի ունեմ, քան Ջոն Բոլթոնին տրվեց այս շաբաթ», -հայտարարեց նա և դիմեց սև հումորի մեծ սիրահար Քվետնին Տարանտինոյին. - «Մտածում եմ, գուցե Քվենտինը մի ֆիլմ նկարի այդ մասին, որպեսզի չափահաս մարդիկ ի վերջո ճիշտ որոշումներ կայացնեն»:

Նատալի Պորտմանը որոշել էր կանանց ու տղամարդկանց անհավասարության մասին բարձրաձայնել, բայց ոչ բառերի օգնությամբ: Դերասանուհին մրցանակաբաշխությանը եկել էր հատուկ զգեստով, որի վրա ասեղնագործված էին կին ռեժիսորների անունները, որոնք «Օսկարի» չէին ներկայացվել:

Ռասսայական խտրականության մասին աստղերը խոսեցին մրցանակաբաշխության հենց առաջին րոպեներին. «92 տարի առաջ մենք «Օսկարի» ներկայացված որևէ սևամորթ դերասան չունեինք», - փաստեց կատակերգու Սթիվ Մարտինը։ Նրա գործընկեր Քրիս Ռոքը տեղում հակադարձեց. - «Հիմա ունենք.... մեկը։ Ահա, թե ի՜նչ հսկայական փոփոխությունների է ենթարկվել «Օսկարը» իր գոյության 92 տարվա պատմության մեջ»:

Փոքրամասնությունների ու անհավասարության մասին շարունակական այս հայտարարություններից հետո, երբ կինոակադեմիան երեկոյի գլխավոր մրցանակը հանձնվեց հարավկորեացի ռեժիսորին, քննադատները շտապեցին արձանագրել՝ այս տարվա շոուն մտավ պատմության մեջ՝ ընդարձակելով «Օսկարի» հորիզոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG