Մատչելիության հղումներ

Կրակոցներ Վանաձորում. երկու մարդ սպանվել է


Վանաձորի կենտրոնական հրապարակը, արխիվ
Վանաձորի կենտրոնական հրապարակը, արխիվ

Երեկ Վանաձորում կրակոցներ են հնչել, երկու մարդ սպանվել է։ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ փետրվարի 9-ին ժամը 18:20-ի սահմաններում քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Հրազենային մարմնական վնասվածքներ ստացած նշված անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն, որոնցից երկուսը՝ Վանաձորի 30-ամյա բնակիչներ, ճանապարհին մահացել են, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ ՔԿ Լոռու քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով` «երկու և ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:

Միևնույն ժամանակ, նույն օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարարական վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վանաձորի Բարեկամություն փողոցում մեքենա է այրվում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է այն անձի ինքնությունը, ում անունով հաշվառված է նշված ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ՝ խզակոթը այրված վիճակում, 5.45 տրամաչափի ինքնաձիգի կրակված 26 պարկուճ, 5 դեֆորմացված նույն տրամաչափի պարկուճ, 5 նույն տրամաչափի գնդակ, 2 դատարկ փամփշտատուփ՝ մեկն այրված վիճակում։

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, համալիր դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG