Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախկին փոխնախարարի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում


Պետությանը ավելի քան 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել ֆինանսների նախկին փոխնախարարի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ ԱԱԾ-ի այս բացահայտումը վերաբերում է այժմ մեղադրյալ, կալանքի տակ գտնվող նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2014-2016 թվականներին ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը և նրա վերադասը՝ ֆինանսների նախկին նախարարը, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները, կառավարության կնքած արտոնյալ վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2 միլիարդ դրամ արժողությամբ 8 հազար 500 միավոր էլեկտրոնային կողպեք:

Մինչդեռ, ըստ իրավապահների, մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը երկու հազարը, իսկ փաստացի՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերը, օգտագործվել է ընդամենը 251 կողպեք։

Արդյունքում, ֆինանսների նախկին նախարարի և նրա տեղակալի գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլև կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 1,7 միլիարդ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։

Պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպքով նախկին փոխնախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նա, սակայն, դեռևս 2018-ի հունիսին հեռացել է Հայաստանից։ Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» գործով այլ մանրամասներ այս պահին չներկայացրին, չեն հայտնում նաև նախկին պաշտոնյայի անունը։

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, ապա նա Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ 2008-ից 2014-ը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնը, այնուհետև ևս երկու տարի էլ՝ պաշտոնավարել որպես ֆինանսների նախարար։

Ժամանակին ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը համարվող Խաչատրյանը գրեթե կես տարի է կալանքի տակ է և մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։

XS
SM
MD
LG