Հայաստանի նախագահի հետ հանդիպումներում բանկային համակարգի, իրավաբանական հանրության, գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայկական և օտարերկրյա ներդրողներ մտահոգություն են հայտնել բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացումներ կատարելու՝ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծի մասին, «Ազատությանը» հայտնեցին նախագահի աշխատակազմից:
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Քրեական դատավարության օրենսգրքում և Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ արդեն ընդունած օրենքները և դրանց սահմանադրականությունը պարզելու համար փաթեթն ուղարկել Սահմանադրական դատարան:
Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը իրավապահներին հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն այս կամ այն մեղադրյալների և կասկածյալների մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալներ, բայց միայն դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ։
Ինչպես պարզաբանել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, դեռևս գործող կարգավորումները խոչընդոտում են կոռուպցիոն ռիսկերի հետ կապված գործերի հետաքննությանը:
«ՏՀԶԿ-ի, ՄԱՆԻՎԱԼ-ի և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ Հայաստանին կոչ էր արվում և այդ կոչերն ամրագրված էին Հայաստանի գնահատման ձեռնարկներում, որպեսզի այս արհեստական խոչընդոտը քրեական գործեր քննելիս վերացվի», - նշեց Բադասյանը։
Անցած ամիս ԱԺ քննարկումների փուլում նախաձեռնության ռիսկերի մասին էին բարձրաձայնում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
«Փոփոխությամբ ի՞նչ մեսիջ ենք հղում, օրինակ, ներդրողներին, եթե սրա արդյունքում մեր մոտ ներդրումային աուրան խաթարվի, որովհետև բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը նաև ներդրողների ուղղակի հետ առնչություն ունեցող կարգավորում է։ Դրա հետևանքով մեր տնտեսությանը հասցված վնասը և դրա արդյունքում տուգանված տնտեսական աճը արդյո՞ք դատախազությունը դրա պատասխանատուն է, կասկածում եմ, բայց որ քաղաքացին և երկրի տնտեսությունը դրանից կտուժեն, դրանում վստահություն ունեմ», - ասաց Մանե Թանդիլյանը։
«Օրենքն ունի իր մեջ վտանգներ, որի մասին քողարկված նույնիսկ մեծամասնության ելույթներում կար։ Այո, յուրաքանչյուր գործընթաց, որը վերաբերում է այդ սուբստանցին, նա պետք է 1000 անգամ հաշվարկված լինի, նա պետք է 1000 անգամ մտածված լինի, նա պետք է 1000 անգամ համաձայնեցված լինի։ Հակառակ դեպքում մենք կստանանք լրիվ ուրիշ էֆեկտ», - նշեց Արման Աբովյանը։
Նախագահի աշխատակազմից «Ազատությանը» այսօր հայտնել են՝ օրենքները ՍԴ ուղարկելու մասին որոշումներ ընդունելիս նախագահն առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով։ Արմեն Սարգսյանի հետ հանդիպած անձինք մտահոգություն են հայտնել, որ այդ օրենքները կարող են բացասական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի և ներդրումային մթնոլորտի վրա, անվստահություն առաջացնել բանկային համակարգի նկատմամբ, հանգեցնել օտարերկրյա ներդրումների նվազեցմանը, դրամական միջոցների արտահոսքին և խոչընդոտել երկրի տնտեսական զարգացմանը:
Տնտեսագետ, 1994-98 թվականներին Կենտրոնական բանկը ղեկավարած Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ օրենսդրական նախաձեռնությունը որևէ ազդեցություն չի կարող ունենալ բանկային գաղտնիքի մասին օրենքի գործառույթների վրա:
«Չեմ կարծում, որ շատ լուրջ պետք է թե՛ անհանգստանալ և թե/կամ լավ զգալ, որ այս փոփոխությունը չի անցել», - նշեց տնտեսագետը։
Ասատրյանը հիշում է՝ 1996-ին երբ ընդունում էին Բանկային գաղտնիքի մասին օրենքը՝ վետո էր կիրառել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց այդուհանդերձ այն ընդունվեց։
«Հավանաբար այս օրենքի բախտն է, ճակատագիրն է, բայց ընդհանուր ես շատ պոզիտիվ եմ էս տիպի դրսևորումներին վերաբերում։ Իմ կարծիքով՝ բանկային գաղտնիքը, էդ երևույթն արդեն դարձել է մշակույթ, որը մեր հասարակությունը էսպես լավ, թե վատ տիրապետում է», - ասաց Բագրատ Ասատրյանը։
Ժամանակին այս օրենքի ընդունումը բանկային համակարգի կայացման գործում մեծ դեր է խաղացել, ասում է Ասատրյանը՝ նշելով. «Սա ուղղակի հուզական, ոչ արդյունավետ փոփոխություն էր, իմ կարծիքով, որից կրկին ես սպասումներ չունեի անգամ»։
Կենտրոնական բանկի նախկին նախագահը կարևորում է այս հարցի շուրջ քննարկումները, այդ պարագայում պատկան մարմիններն ավելի զգույշ կգործեն, արդյունքն էլ լավը կլինի։ Ավելի վաղ, երբ կառավարությունը հավանություն տվեց այս առաջարկին, Կենտրոնական բանկը հայտարարեց՝ բանկային գաղտնիքի պահպանման ռեժիմը այդպիսով չի մեղմանա։