Նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների սահմանադրականության հարցով: Նման որոշումներ ընդունելիս նախագահն առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի այսօր տարածած հաղորդագրությունում։
«Հանրապետության նախագահի հետ իրենց հանդիպումների ընթացքում բանկային համակարգի, իրավաբանական հանրության, գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ հայկական և օտարերկյա ներդրողներ վերոնշյալ օրենքի վերաբերյալ արտահայտել են իրենց մտահոգությունը, ինչպես նաև բարձրացրել մի շարք հարցեր: Մասնավորապես նշվել է, որ այդ օրենքները կարող են բացասական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի և ներդրումային մթնոլորտի վրա, անվստահություն առաջացնել բանկային համակարգի նկատմամբ, հանգեցնել օտարերկրյա ներդրումների նվազեցմանը, դրամական միջոցների արտահոսքին և խոչընդոտել երկրի տնտեսական զարգացմանը», - մանրամասնում է նախագահականը իր հաղորդագրությունում։