Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի հետևանքը կարող է լինել մոլորակի տնտեսության անկման «վիրուսը»


Ռուս-չինական սահմանը ժամանակավորապես բացվել է Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի համար, Բլագովեշչենսկ, 1-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանում ծագած և երկու տասնյակից ավելի երկրներ փոխադրված կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 630 մարդ, հիվանդության հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 31 հազարը։ Կորոնավիրուսը հիվանդի մոտ թոքաբորբ է առաջացնում։

Չինաստանն ու աշխարհի առաջատար գիտական կենտրոնները գիշերուզօր աշխատում են նոր պատվաստանյութեր և դեղամիջոցներ ստեղծելու և վարակը զսպելու համար։

Մինչդեռ տնտեսագետները խնդիրը դիտում են գլոբալ տնտեսության վրա վարակի բացասական անխուսափելի ազդեցության տեսակետից։

Ենթադրվում է, որ կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում 2019 թվականին գրանցված 6,1 տոկոսի տնտեսական աճը այս տարի կիջնի և կկազմի 5,6 տոկոս։ Այդ տվյալը հաղորդում է Oxford Economics վերլուծական կենտրոնը։ Կանխատեսումը չափազանց մտահոգում է մասնագետներին, քանի որ խոսքը միայն ԱՄՆ-ին զիջող երկրորդ համաշխարհային տնտեսական գերտերության մասին է։

Չինաստանն ապահովում է գլոբալ տնտեսության 16,9 տոկոսը կամ գրեթե մեկ հինգերորդը։ Այն ներառում է բարձրտեխնոլոգիական արդյունաբերությունը, այդ թվում՝ սմարթֆոնների, կապի այլ միջոցների, կենցաղային էլեկտրոնիկայի, համակարգիչների, համակարգչային ծրագրերի, բժշկական արդիական սարքավորումների և վերջապես զենք-զինամթերքի արտադրությունը։ Բացի այդ, Չինաստանը տեքստիլ արդյունաբերության հսկա է, արտադրում է ահռելի քանակով պարեն, ավտոմեքենաներ և այլ ապրանք։ Չինաստանում են աշխատում Apple ընկերության գործարանները, Starbucks-ի ցանցը, կահույք արտադրող IKEA գործարանները։ Երկրում հիմա փակ են մեծ թվով հանրախանութներ, հետևաբար՝ տուժում է ոչ միայն չինացի արտադրողը, այլև ներմուծողը և օտարերկրացի արտադրողը։

Goldman Sachs ներդրումային բանկի մասնագետների կարծիքով՝ չինական տուրիզմի կրճատումը և Չինաստանում ապրանքների վաճառքի նվազումը կհանգեցնի 2020 թվականի առաջին եռամսյակում Միացյալ Նահանգների տնտեսական աճի տեմպի 0,4 տոկոսով իջեցման։ Դա բնավ աննշան թիվ չէ՝ Ամերիկայի պարագայում խոսքը միլիարդների մասին է։

Ի դեպ, 2019 թվականին օդանավերով երթևեկել է 660 միլիոն չինացի ուղևոր։

Կորոնավիրուսը է՛լ ավելի ծանր հարված կհասցնի Ռուսաստանին, քանի որ ուկրաինական զարգացումներից հետո Արևմուտքը կրճատել է տնտեսական կապերը ռուսների հետ, բազում պատժամիջոցներ է սահմանել, և դրա արդյունքում Ռուսաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Չինաստանն է դարձել։

Ռուս-չինական փոխադարձ առևտրի ծավալը 2018-ին հասել է 100 միլիարդ դոլարի, իսկ հիմա ցամաքային սահմանը փակ է, զբոսաշրջության մակարդակը մոտ է զրոյին։

Փաստորեն, եթե կարճ ժամանակահատվածում հուսալի դեղամիջոց չստեղծվի, և կորոնավիրուսի տարածումը չկանխվի, մոլորակի տնտեսությունը կհայտնվի բարդ վիճակում։ Կառաջանա մի յուրօրինակ տնտեսական անկման «վիրուս», որը, ի տարբերություն կորոնավիրուսի, շատ ավելի արագ կհատի պետական սահմանները և վնաս կհասցնի աշխարհի երևի թե բոլոր պետությունների տնտեսությանը։

XS
SM
MD
LG