Սպիտակ տունը «լիակատար արդարացում և պատասխանատվությունից ազատում» է անվանել նախօրեին Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով ընդունված վճիռը:
Սենատորները քվեների 52 կողմ, 48 դեմ հարաբերակցությամբ Թրամփին անմեղ են ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով և ձայների 53 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ անմեղ են ճանաչել օրենսդիրների աշխատանքը խոչընդոտելու հոդվածով:
Այդ մեղադրանքներով անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Թրամփին իմփիչմենթի է ենթարկել Ներկայացուցիչների տունը, որտեղ մեծամասնություն ունեն դեմոկրատները: Կոնգրեսի մյուս պալատում՝ Սենատում մեծամասնությունը Թրամփի կուսակից հանրապետականներինն է:
Դեմոկրատները Սենատում տեղի ունեցած դատավարությունն «անարդար» են անվանել, նշելով, որ հանրապետականներն ամեն բան արել են առանցքային վկաներին չհրավիրելու և նրանց ցուցմունքները չլսելու համար:
Ենթադրվում է, որ Թրամփն այսօր երեկոյան հատուկ ուղերձով կդիմի ժողովրդին: