Արաբական պետությունների կողմից ցուցաբերվող կրավորական կեցվածքի ֆոնին պաշտոնական Թեհրանը հավակնում է դառնալ պաղեստինցիների գլխավոր պաշտպանը Մերձավոր Արևելքում: Դա պարզ դարձավ երեկ, երբ ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ պաղեստինցիներին իրենց միանշանակ աջակցությունը հայտնեցին Իրանի երկու բարձրաստիճան ղեկավարները` գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանին:
Խամենեին Թեհրանում նախօրեին կայացած հավաքի ժամանակ խստորեն քննադատեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 28-ին ներկայացրած մերձավորարևելյան կարգավորման ծրագիրը, որը Վաշինգտոնում «Դարի գործարք» են անվանում:
«Այդ պլանը շատ ավելի շուտ է կնքելու իր մահկանացուն, քան ինքը` Թրամփը», - հայտարարում էր Խամենեին:
Պաղեստինի և Իսրայելի միջև խաղաղություն հաստատելուն ուղղված այս ծրագիրը, սակայն, մի շարք գնահատականների համաձայն՝ մեռելածին է: Բանն այն է, որ դրա հիմքում պաղեստինցիների կողմից կատարվող միակողմանի զիջումներ են: Թրամփի առաջարկած այս ծրագրով Պաղեստինի ապագա պետության տարածքը զգալիորեն կրճատվելու է` ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների համեմատ: Բացի այդ, Իսրայելին հնարավորություն պետք է տրվի վերահսկել ապագա պաղեստինյան պետության ցամաքային և օդային սահմանները, ինչպես նաև բռնակցել պաղեստինյան այն բոլոր տարածքները, որտեղ միջազգային հանրության կողմից անօրինական ճանաչված հրեական բնակավայրեր գոյություն ունեն: Այս բոլոր զիջումների դիմաց Վաշինգտոնը խոստանում է Պաղեստինին 50 միլիարդ դոլարի ուղղակի ֆինանսական աջակցություն ապահովել` հիմնականում Պարսից ծոցի արաբական միապետությունների հանգանականությունների հաշվին:
Պաղեստինի ղեկավարությունը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի ընդունելու այս ծրագիրը: Իրանի ղեկավարներն ավելի հեռուն են գնում` կոչ անելով պաղեստինցիներին վերադառնալ պայքարի զինված մեթոդներին: Ալի Խամենեին երեկ հայտարարեց, որ Իրանը հնարավորությունների սահմաններում կաջակցի պաղեստինյան զինված խմբավորումներին:
Գրեթե նույնքան կտրուկ է տրամադրված նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Այն, ինչ թույլ տվեցին Պաղեստինի մեծ ժողովրդի հանդեպ ամերիկացիները վերջերս, հարկավոր է կոչել ոչ թե «Դարի գործարք», այլ «Դարի հանցագործություն», - հայտարարում էր Իրանի նախագահը: