Մատչելիության հղումներ

Պաղեստինը խզում է բոլոր կապերն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ


Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը, Ռամալլահ, 28 հունվարի, 2020թ.

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն ասել է, որ խզում է բոլոր կապերն Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ՝ այդ թվում անվտանգության հարցերում:

Պաղեստինն այդ որոշումն ընդունել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու Վաշինգտոնի անցած շաբաթ հրապարակած ծրագրի կապակցությամբ:

Աբբասն այդ մասին հայտարարել է այսօր Կահիրեում, նշելով, որ Դոնալդ Թրամփի ծրագիրը «հակասում է իսրայելցիների և պաղեստինցիների համաձայնությանը, որը կնքվել է 1993 թվականին Օսլոյում»:

«Ես երբեք չեմ ընդունի այդ գործարքը, ես երբեք չեմ համաձայնի պատմության մատյանում գրանցվել որպես Երուսաղեմը ծախող առաջնորդ», - ասել է Մահմուդ Աբբասը:

Հունվարի 28-ին հրապարակված ամերիկյան ծրագրով, որը Թրամփն անվանել է «դարի գործարք», Իսրայելը պետք է օրինականացնի Հորդանանի հովտի և Արևմտյան ափի շրջանում գրաված բոլոր բնակավայրերը, որոնց մեծ մասը միջազգային համայնքը համարում է Իսրայելի կողմից ապօրինի զավթված տարածքներ:

Այդ հնարավորության դիմաց պաղեստինցիներին կտրամադրվի Գազայի հատվածում, Արևմտյան ափի որոշ շրջանների, ինչպես նաև Երուսաղեմի հեռավոր որոշ արվարձանների նկատմամբ «սահմանափակ ինքնիշխանություն»:

Այդ ծրագրով միջազգային սահմանների և օդային տարածքի հսկողությունը վերապահվում է Իսրայելին:

Ծրագրով ենթադրվում է 1948 թվականի պատերազմից հետո շրջանից հեռացած պաղեստինցիների և նրանց ժառանգների վերադարձի արգելք, թեպետ վերադարձի հնարավորությունը Պաղեստինը համարում է առանցքային պահանջներից մեկը:

Արաբական լիգայի երկրները Պաղեստինի խնդրանքով են Կահիրեում համաժողով գումարել:

Եգիպտոսը Պաղեստինին և Իսրայելին հորդորում է «մանրամասն վերլուծել ամերիկացիների առաջարկը և վերականգնել գրավյալ տարածքներում անկախ և ինքնիշխան պետություն կայացնելու պաղեստինցիների օրինական իրավունքը»:

Հորդանանը դատապարտել է Իսրայելին Պաղեստինի տարածքների գրավման կապակցությամբ և հայտնել է, որ պաշտպանում է 1967 թվականի սահմաններում անկախ Պաղեստինի պետություն ստեղծելու գաղափարը:

1967 թվականի դրությամբ Հորդանանի արևմտյան ափը և Երուսաղեմի արևելյան հատվածը համարվել են պաղեստինյան տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG