Մատչելիության հղումներ

Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է․ Սարհատ Պետրոսյան


«Ազատությունն» իր տաղավարում հյուրընկալել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանին:

«Ազատություն»․ - Հատկապես ուշադրության արժանացավ Ձեր հայտարարության տեքստում, որ Դուք այլևս չեք կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Կոռուպցիան քրեորեն պատժելի արարք է, և նման հայտարարություն անելու համար Դուք առնվազն փաստեր պետք է ներկայացնեք: Հատկապես, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արդեն առիթ ունեցել է ասելու, որ առաջին անգամ է լսում նման բան, Դուք հրաժարական տալուց առաջ իրեն հանդիպել եք և այս մասին չեք բարձրաձայնել: Նույնիսկ լրագրողներիս խնդրում էր, որ Ձեզ հարցնենք՝ այդ ի՞նչ կոռուպցիայի մասին է խոսքը:

Պետրոսյան․ - Ես կոռուպցիա բառը չեմ օգտագործել: Ասել եմ՝ կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը (խոսքը Ավետիք Էլոյանի մասին է), համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, և իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ: Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց նայում է, ասում է՝ չհասկացանք, եթե նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա, որը կարող է․․․ այդպես բաց չէր հայտարարում, բայց հենց «Ազատություն» ռադիոկայանում ինֆորմացիա է եղել, որ այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է:

«Ազատություն»․ - Իրավական լեզվով դա կարող է կոռուպցիա էլ համարվել:

Պետրոսյան․ - Ես մի դրվագ եմ ասում: Եթե իրավապահ մարմինները ուզում են հետամուտ լինել, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուզում է հետամուտ լինել, թե իրենց կուսակցությունը ներկայացնող անհատների թիմերը ինչ գործունեություն են ծավալում, ապա ես պատրաստ եմ հավելյալ փաստեր ներկայացնել:

«Ազատություն»․ - Դա հենց այն շենք է, որ մամուլը գրեց, տարաձայնություններ եղան: Դուք դեմ եք եղել դրա կառուցմանը:

Պետրոսյան․ - Դա ուրիշ խոսակցություն է: Ես մի փաստ եմ բերում․ այդ շենքի հեղինակը հանդիսանում է Ավետիք Էլոյանին պատկանող կազմակերպությունը: Ավետիք Էլոյանը մինչև Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար լինելը չի ունեցել Հայաստանում նախագծային գործունեության որևէ առիթ: Այսինքն, ինքը ստացել է և՛ այս պատվերը, և՛ բազմաթիվ այլ պատվերներ պաշտոնի չարաշահման, օգտագործման շնորհիվ:

«Ազատություն»․ - Եվ հիմա լինելով Ավինյանի խորհրդականը, կարծում եք, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկ կարող է լինել:

Պետրոսյան․ - Որևէ կասկած չունեմ: Մրցույթով չի եղել: Ավինյանը մեկ այլ շատ տարօրինակ հայտարարություն է արել ինձ համար, որ միգուցե ես չեմ տիրապետում քաղաքաշինության ոլորտը:

«Ազատություն»․ - Ավելի շուտ, որ Դուք խնդիրներին չեք տիրապետում, որովհետև հարակից ոլորտ եք ղեկավարել:

Պետրոսյան․ - Ուղղակի այն ժամանակ, երբ որ ես քաղաքաշինարարի, կամ ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում: Ողջ իմ գործունեության ընթացքում ես, որպես փորձագետ, հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի այս երկրի ոչ ամենավերջին փորձագետներից մեկը: Եվ ես կարծում եմ, որ Ավինյանից ևս երկու-երեք տարի կպահանջվի, որպեսզի ինքը քաղաքաշինության ոլորտի մասին ունենա այն պատկերացումները, ինչ որ կունենա այն մարդը, որը ճարտարապետություն է սովորել:

«Ազատություն»․ - Իր ասածն այն է, որ Դուք հարակից ոլորտ եք ղեկավարել և մտել եք այլ գերատեսչության տարածք:

Պետրոսյան․ - Ինքը ասում է, որ ես չեմ տիրապետում խնդիրներին, իսկ ես և՛ Ավինյանից, և՛ շատերից շատ լավ տիրապետում եմ: Եվ անգամներ իրեն ասել եմ, որ այն, ինչ որ անում եք, սխալ է, մի արեք դա, որովհետև հետո խնդիրներ են լինելու: Ես հավատացնում եմ, որ այդ խնդիրները շատ շուտով լինելու են:

«Ազատություն»․ - Անձամբ Նիկոլ Փաշինյանին առիթ ունեցե՞լ եք այս ամենն ասելու:

Պետրոսյան․ - Վարչապետի հետ բազմաթիվ անգամներ քննարկել ենք, և ընդհանուր շտրիխներով ընդունելի են եղել իմ մտահոգությունները: Բայց ես ենթադրում եմ, որ այս ոլորտը վստահված է փոխվարչապետերից մեկին, և կարծում եմ, ինքը հույս ուներ, որ կկարողանանք կանոնակարգել ժամանակի ընթացքում, համատեղ աշխատանքի ընթացքում, ինչը, ցավոք, տեղի չունեցավ:

«Ազատություն»․ - Իսկ Ավինյանը ընդունո՞ւմ էր, որ կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել մասնավորապես Էլոյանի մասով:

Պետրոսյան․ - Եկեք մեր մասնավոր խոսակցությունների մասին ոչինչ չասեմ: Բայց ես տեղեկացրել եմ բանավոր այդ ամեն ինչի մասին: Եվ ավելին՝ նույնիսկ գրավոր տեղեկացվել է:

«Ազատություն»․ - Դուք նաև Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի մասին էիք հիշատակել Ձեր հրաժարականի հայտարարությունում: Որպես հետընթացի օրինակ, նշել էին իներցիոն քայլերը այս կառույցի: Ի՞նչ նկատի ունեք:

Պետրոսյան․ - Իրականում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել վերջին մեկուկես տարվա ընթացքում: Ինչ որ նախկինում նախատեսված է եղել, շարունակվում է:

«Ազատություն»․ - Այդ կառույցի ղեկավար Վերմիշյանը, ճիշտ հակառակը, ասում է, որ գերատեսչությունը, որը Դուք էիք ղեկավարում՝ Կադաստրի կոմիտեն, կայացած կառույց չէ, և բավական է ուղղակի բացել ու նայել Հայաստանի կադաստրային քարտեզը:

Պետրոսյան․ - Ես Վերմիշյանին լուրջ չեմ ընդունում, Վերմիշյանին լուրջ չեն ընդունում կառավարությունում, լուրջ չեն ընդունում հենց իր ղեկավարած կոմիտեում, և ենթադրում եմ, որ տանն էլ լուրջ չեն ընդունում: Վերմիշյանը ունի շառլատանի համբավ, պարզ ստախոս է: Եվ ես կարող եմ դա ապացուցել:

«Մենք ընդհանրապես կլանային կառուցվածք ունեցող ընտանիքներից չենք»

«Ազատություն»․ - Մամուլում հանդիպեցի այդ վարկածին, որ Ձեր հեռանալու որոշման վրա կարող էր Ձեր ընտանիքը ազդեցություն ունենալ, հայտնի է՝ Դուք Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան եք, և ահա նա քննադատում է իշխանություններին, տարաձայնություններ ունի և Ձեզ էլ գուցե տանը ասած լիներ՝ «գործ չունես իրենց հետ»:

Պետրոսյան․ - Ես գիտեի՝ էս հարցը փորձելու են կապել: Մեր, այսպես ասած, ավելի լայն ընտանիքի վերաբերյալ մարդիկ ուղղակի լավ պատկերացում չունեն: Բազմաթիվ անգամներ ես և իմ կնոջս հայրը կամ կնոջս քեռիները կամ իմ հայրը, ով դաշնակցական է եղել, ունեցել ենք տարբեր պատկերացումներ, տարբեր կողմերում ենք եղել, բայց որևէ մեկս չի կաշկանդվել: Եթե հիշում եք՝ մինչև հեղափոխությունը ես երբևիցե կաշկանդված չեմ եղել իմ կարծիքը հայտնելու, քննադատելու իմ ոլորտում քաղաքականությունը՝ այն դեպքում, որ կարող են բոլորը ասեն, որ այն ժամանակ իմ հորս, այսպես, դավանած կուսակցությունը, կամ Վազգեն Մանուկյանը եղել է Հանրային խորհրդի նախագահ: Մենք ընդհանրապես կլանային կառուցվածք ունեցող ընտանիքներից չենք, և ո՛չ իմ նշանակման որոշումը, ո՛չ իմ ազատման որոշումը ես նույնիսկ չեմ քննարկել իմ կնոջս հոր հետ: Բայց, միևնույն ժամանակ, ես մեծագույն հարգանք ունեմ իր հանդեպ՝ որպես մեր անկախության շրջանի ամենակարևորագույն, եթե ոչ՝ ամենակարևոր քաղաքական ֆիգուրներից մեկը:

«Ազատություն»․ - Նաև տեղեկություն հրապարակվեց, որ շուտով Ձեր աներոջ՝ Վազգեն Մանուկյանի ստեղծած «Վերնատուն» ակումբին եք անդամակցելու:

Պետրոսյան․ - Անկեղծ ասած, «Վերնատան» ստեղծման մասին տեղեկացել եմ մամուլից, երբևիցե իր հետ էդ մասին խոսակցություն չենք ունեցել, ընդհանրապես, մի քիչ սխալ է՝ մի բանի մասին որ պատկերացում չունեմ, բացառեմ դա, և ես շատ-շատ, գրեթե հավանական չեմ համարում որևէ նման քայլ: Ես միշտ ինձ շատ կոմֆորտ եմ զգացել, կոմֆորտ եմ ունեցել ինձ լայն առումով մասնագիտական, այսպես ասած, դաշտում, որպես փորձագիտական կամ հասարակական դաշտում հանդես եկող մարդ, և ես երբևիցե ցանկություն չեմ ունեցել, որ ոչ քաղաքական կուսակցության անդամ լինել, ոչ էլ հարել շատ ավելի, այսպես ասած, հստակ քաղաքական կողմնորոշում ունեցող բաների: Բայց իմ ողջ գիտակից կյանքում ես մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակական-քաղաքացիական շարժումներին՝ սկսած 96 թվականից, որի համար ես շատ ուրախ եմ և հպարտ եմ, որ ես, չունենալով որևէ հստակ քաղաքական կողմնորոշում, չունենալով որևէ հավակնություն որևէ քաղաքական թիմում անցնելու, ես էս պրոցեսների մեջ եմ եղել․․․

«Ազատություն»․ - Հիմա է՞լ չունեք քաղաքական հավակնություններ:

Պետրոսյան․ - Ընդհանրապես մտքովս անգամ չի անցնում:

«Ազատություն»․ - Իսկ եղե՞լ են առաջարկներ: Ձեր այս տեքստը տեսնելուց հետո գուցե ինչ-որ շրջանակներ փորձեին Ձեզ հրավիրել, ներքաշել:

Պետրոսյան․ - Ե՛վ մինչև էս տեքստը, և՛ նախկինում, վերջին 10-15 տարվա ընթացքում ինձ բազմաթիվ նման առաջարկներ են եղել, և ես բոլորին շատ շիտակ ներկայացրել եմ իմ մոտեցումը, որ ես նպատակահարմար չեմ գտնում մտնել քաղաքականություն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


XS
SM
MD
LG