Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 համածառայակցի


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նրա 2 համածառայակիցներին ևս` Խ. Գ.-ին և Ա.Ս.-ին: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ավելի վաղ զինծառայող Ավագյանի մահվան գործով մեղադրանք էր առաջադրվել նրա համածառայակից Դավիթ Մովսիսյանին: Փետրվարի 2-ին Մովսիսյանը և երկու այլ զինծառայողներ ձերբակալվել էին հունվարի 30-ին Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկում ողբերգական միջադեպի հետևանքով 20-ամյա զինվոր Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

XS
SM
MD
LG