Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնյաների կողմից առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակման դեպք


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է 2015-19 թվականներին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պաշտոնյաների կողմից շուրջ 450 միլիոն դրամ պետական միջոցների հափշտակման դեպք բացահայտելու մասին։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ստացվել, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք, «չկատարելով իրենց պաշտոնեական լիազորությունները և չարաշահելով պաշտոնեական դիրքը, պատշաճ կերպով չեն վերահսկել քաղաքապետարանի հետ դեռևս 2014թ. կնքված պայմանագրով բազմաբնակարան շենքերի աղբատարերի սպասարկման, շինարարական աղբի տեղափոխման և գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացնելու պարտականությունը ստանձնած «Դավարս» ՍՊԸ-ի գործունեությունը»: «Պաշտոնատար անձինք անտեսել են ընկերության կողմից պայմանագրի կետերի պարբերաբար խախտման դեպքերը, ստորագրել են ընկերության ծառայողների կողմից ուռճացված տվյալներով կազմված կատարողական ակտերը, ինչպես նաև՝ աշխատանքների ու ծառայությունների մատուցման ընդունման-հանձնման արձանագրությունները։ Արդյունքում՝ 2015-2019թթ. ընթացքում ընկերությանը փոխանցված 1 միլիարդ 862 միլիոն ՀՀ դրամից վատնման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 450 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցներ», - ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները և կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և վերականգնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG