Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի լարված հարաբերություններում նոր միջադեպ է տեղի ունեցել:
Երեքշաբթի օրը Կոնգրեսին իր ամենամյա ուղերձը հղելիս Թրամփը հրաժարվել է սեղմել Փելոսիի ձեռքը, ինչից հետո դեմոկրատ առաջնորդը հրապարակավ պատռել է նախագահի ելույթի տեքստի պատճենները:
Թրամփի՝ մոտ մեկուկես ժամ տևած ելույթին կուսակից հանրապետականներն արձագանքում էին հոտնկայս ծափահարություններով, մինչդեռ ընդդիմադիր դեմոկրատները հիմնականում մնում էին տեղում նստած: Դեմոկրատ 10 օրենսդիրներ էլ բոյկոտել են միջոցառումը:
Պատասխանելով Politico պարբերականի լրագրողի հարցին՝ Ներկայացուցիչների տան խոսնակն իր արարքը որակել է «սիրալիր»։ «Հաշվի առնելով մյուս այլընտրանքները՝ դա սիրալիր քայլ էր», - հայտարարել է Փելոսին։