Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 361-ի


Բժիշկները չափում են քաղաքացիների ջերմությունը, Ուհան, 1 փետրվարի, 2020թ.

Չինաստանում կորոնավիրուսի վարակի բռնկման զոհերի թիվը մեկ օրում աճել է 57-ով և հասել է 361-ի: Այս տվյալները հրապարակել է Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովը:

«Փետրվարի 2-ի կեսգիշերի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի վարակի 17 հազար 205 դեպք, 2 հազար 296 հիվանդ ծանր վիճակում է, մահացել է 361 մարդ, բուժվել և դուրս է գրվել 475 մարդ, կորոնավիրուսի կասկածով մարդկանց թիվը 21 հազար 558 է»,- ասել է Չինաստանի առողջապահության հանձնաժողովի խոսնակ Սոնգ Շուլին:

Կորոնավիրուսի առնվազն 171 դեպք է գրանցվել ավելի քան երկու տասնյակ պետություններում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Թայլանդում, Հոնկոնգում, Վիետնամում և Ռուսաստանում:

Վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակի տարածումը զսպելու նպատակով կարգադրել է փակել Դաշնության սահմանը Հեռավոր Արևելքում:

Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է տրամադրելու Չինաստանին և օդանավերով դուրս է հանելու Ուհանում գտնվող 130 ռուսաստանցիներին:

Բացի այդ, Ռուսաստանի վարչապետի հրահանգով հարկ եղած դեպքում երկրից կարտաքսվեն կորոնավիրուսի վարակով օտարերկրացիները:

Առողջապահության միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարել, բայցև միաժամանակ հորդորել է միջազգային համայնքին խուսափել խուճապից և չկիրառել առևտուրը կամ միջազգային տրանսպորտային կապը խոչընդոտող միջոցներ:

Ենթադրվում, որ վիրուսը ծագել է անցած տարեվերջին Ուհանում՝ վայրի կենդանիների վաճառք իրականացրած ապօրինի շուկայում:

Կորոնավիրուսը, մասնագետների կարծիքով, մարդուն է փոխանցվել կենդանիներից, ենթադրաբար՝ չղջիկներից. Չինաստանի որոշ շրջաններում դրանց մսից ուտեստ են պատրաստում:

Փոխանցվելով մարդուն, վարակահարուցիչը գենետիկական փոփոխության՝ մուտացիայի է ենթարկվել և որակափոխվելով՝ օդակաթիլային եղանակով սկսել է մարդուց մարդու փոխանցվել:

Կորոնավիրուսն ախտանշանով նմանվում է գրիպի և վարակված մարդու մոտ թոքաբորբ է հարուցում: Այդ վիրուսի միջազգային կոդն է 2019-nCoV:

Չինաստանի գիտնականներն ակտիվ աշխատանք են կատարում և այսօր հայտնել են, որ փորձարկում են կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբը հաղթահարելու յոթ նոր դեղամիջոցներ:

«Մենք հետզհետե ավելի շատ տեղեկություններ ենք ստանում և մշակում ենք ախտորոշման ու բուժման նոր մեթոդներ», - հավաստիացրել է Չինաստանի ճարտարագիտության ակադեմիայի անդամ, առաջատար վարակաբան Չժուն Նանշանը:

Այսօրվանից Ուհանում շահագործվում է ընդամենն ութ օրում կառուցված նոր հիվանդանոց: Այն ունի հազար մահճակալ, հիվանդանոցում աշխատում է 1400 մասնագետ՝ մեծ մասը Չինաստանի բանակի բժիշկներ:

Այս շաբաթ շահագործման կհանձնեն երկրորդ նորակառույց հիվանդանոցը:

Չինաստանի մասնագետները համոզված են, որ կորոնավիրուսի դեմ ագրեսիվ և համակարգված պայքարը հաղթանակով կավարտվի:

XS
SM
MD
LG