Մատչելիության հղումներ

ՔԿ. Ավարտվել է թրաֆիքինգի գործի նախաքննությունը, մեղադրվում են երևանցի ամուսիններ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվային լուսանկար
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվային լուսանկար

Պարզվել են նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները, հայտնում են Քննչական կոմիտեից: Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ ամուսինների:

Ըստ հաղորդագրության՝ ամուսինները Կենտրոն վարչական շրջանի տարբեր տարածքներում մուրացկանությամբ զբաղվող երեք անձի, որոնցից մեկը հոգեկան խանգարման հետևանքով զրկված է իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու և դա ղեկավարելու հնարավորությունից, հայտնել են, որ նշված տարածքներն իրենցն են, իրենք են հսկում դրանք, և մուրացկանությունը շարունակելու դեպքում՝ նշված անձինք պետք է իրենց օրեկան գումար տան: Երբ նրանք հրաժարվել են կատարել ամուսինների պահանջը, վերջիններս, ծեծի ենթարկելով և այդպիսի սպառնալիքներով, հարկադրաբար ներգրավել են նրանց մուրացկանության մեջ և 2018թ. ամռանից մինչև 2019թ. մայիսի վերջերն ընկած ժամանակահատվածում ստացել մուրացկանությամբ հայթայթած գումարներից:

Բնակիչներից մեկի առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ՝ պարբերաբար ծեծի ենթարկելով և դրա սպառնալիքներով, ինչպես հայտնում է ՔԿ-ն, ամուսինները ներգրավել են նրան անձեռոցիկների մանրածախ առևտրի մեջ:

Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG