Մատչելիության հղումներ

Պարզվել են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքեր


Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պարզվել են առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու նոր դեպքեր։

Ըստ հաղորդագրության, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով ( պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է 2 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Դատախազության տարածած հաղորդագրությունում ասված է, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016 թվականին ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։

Նշված առաջարկների հիման վրա ՍՊԸ-ն 2016 թվականի դեկտեմբերի 1-ին իրականացրել է Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոց 22 շենք, թիվ 16 հասցեում գտնվող 101,07 քմ մակերեսով նկուղի, ինչպես նաև առանձին՝ Աջափնյակ համայնքի 16 թաղամասի թիվ 19 հասցեում գտնվող 115,5 քմ մակերեսով տարածքի գնահատում, որոնց արդյունքում առաջին հասցեում նշված անշարժ գույքը գնահատվել է 4,8 մլն, իսկ երկրորդ հասցեում նշված գույքը՝ 7,8 մլն դրամ:

Նշված գնահատումների հիման վրա առաջին նշված գույքը մրցութային կարգով օտարվել է 3,6 մլն դրամով, իսկ երկրորդը՝ 5,6 մլն դրամով:

Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքերի 2016 թվականի շուկայական արժեքների վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված մի գույքի շուկայական արժեքը 2016-ի դրությամբ կարող էր կազմել 10 մլն դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2 անգամ ավելի, իսկ մյուսը՝ 18 մլն դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2,5 անգամ ավելի:

Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից նշված անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես, հաշվի չի առնվել դրանց նպատակային նշանակությունը, մակերեսը:

Համաձայն հաղորդագրության՝ արձանագրված փաստերը վկայում են, որ Պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել պետական սեփականություն հանդիսացող նշված գույքերի գնահատում, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չառնելով գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը, կազմել է կեղծ եզրակացություն, որով 2 կամ 2,5 անգամ նվազեցվել են դրանց իրական արժեքները: Արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթի համար և դրանք օտարվել են հավանական շուկայական արժեքից շուրջ 3 անգամ, պակաս գնով՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG