Ռուսաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտված իսրայելցի Նաամա Իսահարի փաստաբանը երեկ հայտարարել է, որ Իսահարին արդեն կարող է լքել մերձմոսկովյան «գաղութը»:
Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսահարիին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Իսրայելցի աղջկա փաստաբան Ալեքսեյ Դաբրինը չի բացառում, որ Իսահարին այսօր տուն վերադառնա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, ով այսօր Մոսկվայում Պուտինի հետ քննարկելու է ԱՄՆ նախագահի ներկայացրած պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ծրագիրը՝ ակնկալելով նաև Ռուսաստանի աջակցությունն այդ ծրագրին:
Ավելի վաղ Իսահարին ներդման խնդրանքով դիմել էր Պուտինին: Երիտասարդ կինը նախկինում հրաժարվում էր ներում խնդրել՝ պնդելով, թե նրա մայրն ու երկրի ղեկավարությունն արդեն դիմել են Պուտինին, և դա բավարար է: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, հակադարձել էր, թե Իսահարիի անձնական խնդրանքի բացակայությունը դանդաղեցնում է գործընթացը:
«Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ներման համար անհրաժեշտ է անձամբ դիմել երկրի նախագահին», - շեշտել էր Պեսկովը՝ հավելելով, թե պետք է հետևել ռուսաստանյան օրենսդրությանը:
Անցած տարի հոկտեմբերին Ռուսաստանի դատարանը Նաամա Իսահարին դատապարտել էր 7.5 տարվա ազատազրկման: Մարտի 25-ին իսրայելցի այս կինը Հնդկաստանից Թել Ավիվ էր թռչում, Մոսկվայի «Շերեմետյեվո» օդանավակայանում նրա ուղեբեռում հայտնաբերվել էր 9.5 գրամ հաշիշ: Երիտասարդ կինը խոստովանել էր՝ թմրանյութն իր անձնական օգտագործման համար է, և կտրականապես մերժել էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրանքը:
Իսրայելում իսկական արշավ էր սկսվել՝ ի պաշտպանություն Նաամա Իսահարիի, իսկ հարցը հայտնվել էր ռուս-իսրայելական բանակցությունների օրակարգում: Իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի կառավարությունը ՌԴ-ին է հանձնել Երուսաղեմում գտնվող «Ալեքսանդրյան արքունիքի» սեփականության իրավունքը Իսահարին ներում շնորհելու դիմաց: