Մատչելիության հղումներ

Պատգամավորները՝ Նարեկ Մալյանին և մյուսներին բերման ենթարկելու մասին


Նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը պատասխանում է լրագրողների հարցերին։

Իշխող «Իմ քայլը» խմբակացության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ոստիկանության երեկվա գորոծղություններին՝ շեշտեց, որ իրավապահ մարմինները պետք է պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչ հիմքով են նման գործողություններ ձեռնարկել։

Ի դեպ, այս հարցը, վաղը իշխող խմբակացությունը կքննարկի ոստիկապետի պաշտոնակատարի հետ կայանալիք հանդիպմանը։

Հիշեցնենք, երեկ ոստիկանությունը բերման ենթարկեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամ, Blognews.am-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Կարճ ժամանակ անց նրանք ազատ արձակվեցին։

Ոստիկանությունը տեղեկացրել էր, թե նրանք բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Բերման էր ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը, ով ասել էր, թե իրեն ու ևս երկու հոգու բերման էին ենթարկել թմրանյութեր օգտագործելու, պահելու կասկածանքով։

Ոստիկանությունն առ այս պահը որևէ այլ տեղեկություն այս գործողությունների վերաբերյալ չի տրամադրել։

Լիլիթ Մակունց. - «Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչ հիմքով են գործողություններ ձեռնարկել։ Եվ քանի դեռ իրավապահ մարմինները չեն ներկայացրել այդ հիմքերը, գնահատական տալը, չեմ կարծում, որ ճիշտ է։ Մենք վաղը նախապես պլանավորած ունեինք հանդիպում ոստիկանապետի հետ խմբակցությունով, և այս հարցը նույնպես ուղղվելու է ոստիկանապետին։ Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա եթե իրենք կարծում եմ, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, օրենքը նախատեսում է բոլոր իրավական կարգավորումները, որպեսզի իրենք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Մինչ այդ մենք կսպասենք պարզաբանումների ոստիկանության կողմից»։

Անդրադռանալով հարցին ե արդյոք տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է՝ հաշվի առնելով, որ բերման ենթրակված, ապա ազատ արձակված անձինք խիստ քննադատում են գործող իշխանություններին, խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցող «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Կոնջորյանն ասաց, թե Հայաստանում քաղաքական հետապնդում չկա. - «Քաղաքական հետապնդում կարող է լինել քաղաքական գործիչների նկատմամբ հիպոթետիկ որևէ իրավիճակում։ Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, Հայաստանում գործում է լիովին ժողովրդավարական համակարգ։ Էն անձինք, որոնք երեկ բերման են ենթարկվել, քաղաքական գործիչներ չեն։ Ուշադիր հետևեք էդ մարդկանց հռետորությանն ու բառապաշարին՝ ընդհուպ ծնողների և ընտանիքի անդամների նկատմամբ հայհոյանքներով տարածվող խոսույթ, որը որևէ կերպ չի տեղավորվում քաղաքական խոսույթի տրամաբանության մեջ»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակացության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, մինչդեռ, հորդորեց ոստիկանության աշխատակիցներին պահպանել իրավունքի տառը, վերանայել գործելոճը և առանց հիմքերի մարդկանց բերման չենթարկել. - «Եվ ունենք երեկվա դեպքերը, երբ որ ակնհայտ կասկածանքի որևէ հիմք չկար, և անձինք ենթարկվում են այպիսի շոուի շրջանակներում բերման։ Ոստիկանության աշխատակիցներին խնդրում եմ, միևնույն ժամանակ հորդորում եմ, որ պահպանեն իրավունքի տառը։ Եթե ունեն ակնհայտ հիմքեր անձանց բերման ենթարկելու համար՝ ապօրինի զենք-զինամթերք լինելու հանգամանքի հետ կապված, միայն այդ պայմաններում նման գեղեցիկ միջոցառումների շրջանակներում անձանց բերեն ոստիկանական բաժանմունքներ։ Եթե չկան էդպիսի հիմքեր, ապա էնքան հիմքեր կան այլ անձանց կողմից նման հանցագործությունների կատարման, թող զբաղվեն նրանցով։ Տպավորություն է առաջացել, որ կա՛մ իրականում ոստիկանությունը չուներ համապատասխան հիմքեր, բայց նման գործողություններ կատարեց՝ ցանկություն ունենալով այդ անձանց դարձնել քավության նոխազ, կա՛մ՝ քաղաքական գործիչ՝ ակտիվացնելով նրանց քաղաքական կոմպոնենտը»։

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նույնպես շեշտեց, որ իրավապահների կողմից քաղաղաքացիների նկատմամբ կատարվող գործոողությունները պետք է միանգամայն հիմնավորված լինեն. - «Երեկվա իրադարձությունները բերեցին նրան, որ հանրությունը բավականին լուրջ հարցադրումներ սկսեց առաջ բերել իշխանություններին, թե ինչի համար հենց երեկ և ինչի համար այսպես շարունակական, բավականին լուրջ, հանրային հնչողություն տալով, կոպիտ ասած՝ ասֆալտին փռելով, մասկի շոուներով և այլն...»

XS
SM
MD
LG