Մատչելիության հղումներ

Հայ-չինական պատմություն. Վարդան Մամիկոնյանից մինչև «աղջիկների խոպան»


Հայ-չինական բարեկամության դպրոցը, 24 հունվարի, 2020թ.

Անգլերենի ուսուցչուհի Վարդուհի Աբրահամյանը Չինաստանի ամանորյա արձակուրդներին Երևանում է, բայց այստեղ էլ պատառաքաղի փոխարեն չինական փայտիկներ է օգտագործում: Այս ու նաև օրվա ընթացքում տաք ջուր խմելն այն սովորույթներն են, որ նրա կենսակերպի մասն են դարձել վերջին 3 տարիների ընթացքում:

Անգլերենի ուսուցչուհի Վարդուհի Աբրահամյանը դստեր՝ Լանայի հետ
Անգլերենի ուսուցչուհի Վարդուհի Աբրահամյանը դստեր՝ Լանայի հետ

Վարդուհին մեկն է այն տասնյակ հայերից, որ մեկնել են Չինաստան, աշխատում են տեղի դպրոցներում ու մանկապարտեզներում. - «Շատ ծիծաղելի է, բայց Google-ով եմ գտել աշխատանքն իմ առաջին: Կապնվել եմ, էլի մանկապարտեզ էր: Գնացինք, մի շատ փոքր գյուղատիպ քաղաք էր, Չինաստանի մասշտաբներով ինքը գյուղ էր, դե Երևանի չափ կարող է լիներ, բայց իսկապես շատ գյուղ էր: Ծիծաղելի է, բայց նույնիսկ ավտոբուսի վարորդները մեզ ճանաչում էին, որովհետև միակ օտարերկրացին էինք քաղաքում, ու կարող էին անցնելուց ձեռքով բարևել»:

Մասնագետների պահանջարկը Չինաստանում մեծ է, իսկ Հայաստանի համեմատությամբ Չինաստանում ուսուցիչները վաստակում են 5-7 անգամ ավելի շատ. - «Աշխատավարձը բարձր է, մինիմալ աշխատավարձը երևի 1500 դոլարից է սկսվում», - ասում է Վարդուհին:

Տարիներ շարունակ Հայաստանից արտագնա աշխատանքի հիմնական երկիրը Ռուսաստանն էր, այսպես կոչված՝ «խոպան» գնում էին հիմնականում տղամարդիկ՝ շինարարությունում աշխատելու: Սակայն վերջին տարիներին բարձր վարձատրվող աշխատատեղերի խնդիր ունեցող Հայաստանի համար նոր ու ցանկալի ուղղություն է դարձել նաև Չինաստանը: Այնտեղ մեկնում են հիմնականում անգլերենին լավ տիրապետողները՝ չինացի երեխաներին այդ լեզուն սովորեցնելու:

Անգլերենի ուսուցչուհի Վարդուհի Աբրահամյան
Անգլերենի ուսուցչուհի Վարդուհի Աբրահամյան

Դիտարկմանը, թե այդ երկիրը Հայաստանում սկսել են անվանել «աղջիկների խոպան», նա արձագանքում է. - «Ես էլ եմ այդպես կատակով ասում երբեմն, բայց տղաներ էլ ունենք: Ունենք տղաներ, որ սպորտով են գալիս, սպորտի ուսուցիչ են աշխատում, այդպիսի տարբերակներ էլ են լինում: Հանդիպել են զույգեր, որոնք պարի ուսուցիչ են աշխատում, միայն անգլերենը չի»:

Հայ-չինական բարեկամության դպրոց
Հայ-չինական բարեկամության դպրոց

Իռենը, Արփին և Ռաֆայելն այն աշակերտներից են, որ չինարեն սովորում են Հայաստանում՝ Երևանում 2018 ից բացված Հայ-չինական բարեկամության դպրոցում. - «Ես իմացա, որ չինական դպրոց է բացվում՝ թազա, շատ սիրուն դպրոց է, որտեղ չինարեն են անցնում: Ես ինքնուրույն եմ անկեղծ որոշել այս դպրոց գալ: Իմ կարծիքով՝ շատ լավ դպրոց է: Ես դատավոր եմ ուզում դառնալ, հաստատ տարբեր լեզուներն ինձ շատ պետք կգան», - պատմում է Ռաֆայելը:

Հայ-չինական բարեկամության դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյան
Հայ-չինական բարեկամության դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյան

Հայ-չինական բարեկամության դպրոցը կառուցելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռ 2013 թվականին, 5-12-րդ դասարաններ ունեցող դպրոցը կառուցվել է Չինաստանի ֆինանսավորմամբ, նախատեսված է ավելի քան 400 աշակերտների համար, սակայն այնտեղ սովորելու ցանկություն ունեցողների թիվը շատ ավելի մեծ է․ - «Մրցակցությունը տարեցտարի ավելանում է, ընդունում ենք միայն ամենալավ գնահատականներն ունեցող աշակերտներին», - ասում է դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանը, ապա հավելում. - «5-րդ դասարանից ընդունված երեխաներն այն երեխաներն են, ովքեր կիրականացնեն չինարեն ամբողջական ծրագիրը: 12-րդ դասարանցին եկավ այստեղ, ավարտեց և գնաց: Բնականաբար, նրա չինարենի իմացության կամ բազան մեծ չէ, որպեսզի նա հայտ ներկայացնի՝ Չինաստանում կրթությունը շարունակելու: Դա դժվար կլինի նաև այս տարվա 12-ների համար, ընդամենը 2 տարի, իսկ ինչպես մեր փոքրիկ բալիկները Ձեզ ասացին, չինարենն իսկապես բարդ լեզու է, 6000-ից ավելի հիերոգլիֆ, առնվազն 3 տարի ժամանակ է պահանջվում: Ես կարծում եմ՝ մեր 10-րդ դասարանցիները, որոնք այսօր 11 են, արդեն հայտ կարող են ներկայացնել Չինաստանում սովորելու համար»:

Հայ-չինական բարեկամության դպրոց
Հայ-չինական բարեկամության դպրոց

Շաբաթական 3-5 ժամ չինարեն հայ երեխաներին սովորեցնում են 4 չինացի և 1 հայ ուսուցիչները, հնարավոր է՝ այս դպրոցում դասավանդի նաև Սինյու Շին: Նա հայերենի հետ խնդիր չունի, Հայաստանում է մոտ 2 տարի, հայերեն ու գրականություն ուսումնասիրում է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում: Պեկինում հայ ընկերների միջոցով է ծանոթացել լեզվին, հետաքրքրվել յուրահատուկ այբուբենով ու որոշել սովորել. - «Պեկինում սովորել եմ այբուբենը ամբողջ կիսամյակը, որովհետև չինարենում տառեր չկան, միայն հիերոգլիֆներ են»:

Հայ-չինական բարեկամության դպրոցի ուսուցչուհի Սինյու Շի
Հայ-չինական բարեկամության դպրոցի ուսուցչուհի Սինյու Շի

Շին ասում է՝ ի տարբերություն չինարենի՝ հայերենի բառերը շատ երկար են, քերականությունը՝ բարդ, բառերի փոփոխվող վերջավորությունները գրատախտակի վրա միշտ աչքի առջև է պահում, որ չմոռանա. - «Սրա վերջավորությունը, հոլովը ամեն օր տեսնում եմ, որ հիշեմ»:

Նա արդեն թարգմանել է Եղիշե Չարենցի մի քանի բանաստեղծություններ, մտածում է ապագայում Հայոց էպոսը թարգմանելու մասին, ասում է՝ միակ չինարեն տարբերակը շատ հին է՝ 1957 թվի թարգմանություն է ռուսերենից:

Հայոց էպոսը՝ չինարեն թարգմանությամբ
Հայոց էպոսը՝ չինարեն թարգմանությամբ

Ուշագրավ է, որ հայ-չինական հարաբերությունների մասին հիշատակություններ կան թե՛ էպոսում, թե՛ հայկական հեքիաթներում: Պատմագիտության և բանասիրության դոկտոր Արծրունի Սահակյանն ասում է՝ սա պատահական չէ. Մետաքսի ճանապարհը, որ Չինաստանից հասնում էր Միջերկրական ծով, անցնում էր նաև Հայաստանի տարածքով: Այդ երկրի հետ կապված գրավոր հիշատակություններ 5-րդ դարից սկսած պահպանել են նաև հայ պատմիչները։

Պատմագիտության և բանասիրության դոկտոր Արծրունի Սահակյան
Պատմագիտության և բանասիրության դոկտոր Արծրունի Սահակյան

«Այդ հատվածը Խորենացու պատմության մեջ հետո է մտել, այնտեղ այդ մասին է ասում, թե ինչքան հարուստ ու զարգացած երկիր է Ճենաստանը, և ինչքան, այսպես ասած, լավ ժողովուրդ են չինացիները, բարի, աշխատասեր, համեստ, իմաստուն, այսպիսի լավ ժողովուրդ լինելով՝ նրանք կարողացել են իրենց կյանքը այնքան բարեկեցիկ դարձնել, որ նրանց ռամիկներն իրենց ապրուստով, հագուստ-կապուստ, ուտեստով նման են մեր իշխաններին: Եվ էլի մի բան կա, որ ասում է՝ շատ խաղաղասեր ժողովուրդ են», - նկատում է Սահակյանը:

Վարդան Մամիկոնյանի արձանը Երևանում
Վարդան Մամիկոնյանի արձանը Երևանում

Ի դեպ, պատմիչներն ասում են, որ 5-րդ դարի հայ սպարապետ Վարդան Մամիկոնյանն էլ «ճենացի» էր, համաձայն լեգենդի էլ՝ նրա տոհմը սերում էր Չինաստանից:

Մեր օրերում Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են Հայաստանի անկախությունից հետո, Չինաստանի դեսպանություն բացվել է 1992 թվականին, Չինաստանում Հայաստանի դեսպանություն բացվել է դրանից 4 տարի անց՝ 1996 թվականին:

Հայաստանի ղեկավարները, վարչապետերն ու արտգործնախարարները անկախությունից ի վեր 18 անգամ են այցելել Չինաստան, պետական կամ աշխատանքային այցով Չինաստանում եղել են Հայաստանի բոլոր ղեկավարները, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2 անգամ: Չինաստանից Հայաստան բարձրաստիճան պաշտոնյաները 9 այց են կատարել 1996 թվականից ի վեր, նրանցից 4-ը՝ արտգործնախարարի մակարդակով:

«Սոտու» տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Սահակյան
«Սոտու» տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Սահակյան

Այս տարի հունվարի 19-ից չեղարկվել են նաև Հայաստանից Չինաստան կամ Չինաստանից Հայաստան մինչև 90 օրով մեկնելու վիզաները: Չինական ուղղությամբ զբաղվող «Սոտու» տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Սահակյանը կարծում է, որ սա առաջին քայլն է, որ կնպաստի երկու երկրների միջև փոխայցերի ավելացմանը: Երկու երկրներում էլ գումար և ժամանակ կխնայեն, բայց ամենակարևորը, ասում է, սա հարգանքի նշան է. - «Շատ լավ է, ուղղակի որ մենք միշտ ասում ենք՝ հայ-չինական հարաբերությունները լավ են, դա առաջին հերթին ոնց որ հարգանքի բան է, ինձ թվում է: Բոլոր դեպքերում հաճելի է, շատ հաճելի է, որ դու կարող ես ուղղակի քո պասպորտով անցնես Չինաստան առանց որևէ խնդրի»:

Վիճակագրության համաձայն՝ Չինաստանից Հայաստան եկողների թիվը տարեցտարի ավելանում է. 2019 թվականին Հայաստան այցելել է 14,500 չինացի՝ 2018-ի 8430-ի փոխարեն։ 2018 թվականին էլ 2017-ի համեմատ Չինաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 60 տոկոսով: Ու թեև վիզաների պահանջը հանվել է, սակայն Հայաստանն ու Չինաստանը կապող ուղիղ չվերթ դեռ չկա: Սոնա Սահակյանը հույս ունի՝ հաջորդ քայլն արդեն ուղիղ չվերթ բացելը կլինի: Նրա խոսքով՝ այս տարի էլ Չինաստանից եկողների թվի աճ կանխատեսում են, իհարկե եթե անսպասելի ծագած կորոնավիրուսը փոփոխություններ չմտցնի մարդկանց ծրագրերում և նոր արգելքներ չհարուցի:









XS
SM
MD
LG