Բաղդադում «կանաչ գոտու» հրթիռակոծման հետևանքով ամերիկյան դեսպանատան տարածք հինգ Կատյուշա տեսակի հրթիռ է ընկել, որոնցից մեկը՝ դիվանագիտական առաքելության ռեստորան: Երեք մարդ վիրավորվել է: Այս մասին AFP-ին և Reuters-ին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը:
Այդ գոտում գտնվում են արևմտյան երկրների մի շարք դեսպանություններ և Իրաքի կառավարությանը պատկանող հաստատություններ:
Հունվարի 26-ի միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադում հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին՝ կոռուպցիայի, իրաքյան գործերին արտաքին միջամտության և երկրում ԱՄՆ զորքերի առկայության դեմ:
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին դատապարտել է հրթիռային հարձակումը, որի թիրախը ԱՄՆ դեսպանատունն է եղել:
Հայտարարության մեջ Մահդին հաստատել է Իրաքի պատրաստակամությունը «պաշտպանել բոլոր դիվանագիտական առաքելությունները» երկրում:
Նույն օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը կոչ էր արել Իրաքի կառավարությանը «կատարել ստանձնած պարտավորությունները՝ պաշտպանելու դիվանագիտական օբյեկտները»: