Մատչելիության հղումներ

ԶԼՄ-ներում հայտնված տեսանյութում Թրամփը հրահանգում է պաշտոնանկ անել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Արևմտյան լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ լսվում է` ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում Ուկրաինայում տիրող իրավիճակը և հրահանգում պաշտոնանկ անել այդ երկրում Ամերիկայի դեսպան Մարի Յովանովիչին:

Մոտ 80 րոպե տևողությամբ զրույցը, ըստ հաղորդումների, տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին Վաշինգտոնում` մասնավոր ընթրիքի ժամանակ, որին մասնակցել են նաև նախագահի փաստաբան Ռուդի Ջուլիանիի նախկին գործընկերներ Լև Պարնասն ու Իգոր Ֆրումանը: Զրուցակիցների դեմքերը տեսանյութում չեն երևում` նկարահանող սարքի, ենթադրաբար`բջջային հեռախոսի տեսախցիկն ուղղված է դեպի առաստաղ:

Այդուամենայնիվ, լսվում է`ինչպես է ներկաներից մեը պնդում, թե դեսպան Յովանովիչը խնդիրներ է ստեղծում և ամենուր հայտարարում, թե նախագահ Թրամփը շուտով իմփիչմենթի է ենթարկվելու: «Ազատվեք նրանից, ազատվեք նրանից հենց վաղը», - արձագանքում է նախագահ Թրամփը:

Ավելի վաղ նա մի քանի անգամ պնդել էր, թե Լև Պարնասին անձնապես չի ճանաչում, նրա հետ երբևէ չի հանդիպել: Սպիտակ տունն առայժմ տեսանյութին որևէ կերպ չի արձագանքել: Այն հրապարակվել է նախագահ Թրամփի պաշտոնավարման թերևս ամենալարված փուլում, երբ Սենատում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը` լիազորությունների չարաշահման ու Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու մեղադրանքներով:

XS
SM
MD
LG