Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ Ավստրալիայի ազգային տոնի առթիվ, հայտնում են վարչապետի աշխատակազմից
Ուղերձում նշված է. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Ավստրալիան զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։
Ավստրալիայի մեծաթիվ հայ համայնքը, որն զգալի դերակատարում ունի ավստրալական հասարակական-քաղաքակական կյանքի բոլոր ասպարեզներում, ևս կարևոր խթան է մեր միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:
Հավատացած եմ, որ Ավստրալիային պատուհասած այս ծանր աղետից հետո ձեր երկիրն արագորեն կհաղթահարի արհավիրքի հետևանքները և կդառնա էլ ավելի ուժեղ ու համախմբված:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ համբերություն, ոգու տոկունություն և բարօրություն»։
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի հասարակության նշանակալի առաջընթացին և նվաճումներին։ Վստահ եմ, որ Հնդկաստանը կշարունակի դինամիկ և կայուն զարգացման իր այս ուղին՝ օրինակ ծառայելով այլ երկրների համար:
Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ Հայաստանի և Հնդկաստանի փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների։
Ջերմ տպավորություններով եմ հիշում մեր հանդիպումը Նյու Յորքում։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին կյանքի կոչելու մեր երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։