Մատչելիության հղումներ

«Վերահսկողությունից դուրս է եկել ինչ-որ պահի»․ Տոնոյանը որոշ փակագծեր է բացում ՊԲ-ում երեկվա միջադեպի վերաբերյալ


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր որոշ փակագծեր բացեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նախօրեին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով, դեռևս չպարզված հանգամանքներում, երկու զինծառայողներ հրազենային վիրավորում են ստացել։

«Նախնական, քանի որ իրականում, ի սկզբանե կար որոշակի տեղեկատվության պակաս՝ հաշվի առնելով տեղանքը, բայց Պաշտպանական բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում արդեն պարզաբանումներ ներկայացրեց, փառք Աստծո, չունենք զոհ, իհարկե, մեկ զինծառայող, որը որ ինքն իր վրա է կրակել, ունի որոշակի, առողջության հետ կապված հիմա անհամատեղելի որոշակի վիրավորում, բայց մեր բժիշկները անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն։ Շուտով կտեղափոխվի Երևան։ Մյուսը ունի թեթև վիրավորում», - ասաց նախարարը։

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 19-ամյա շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը գլխի շրջանում վիրավորում ունի, իսկ 20-ամյա կրտսեր սերժանտ Արմեն Մեսրոպյանը՝ աջ բազկի շրջանում: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով: Թե ինչպես է տեղի ունեցել այս միջադեպը, ոչ Պաշտպանության նախարարությունը, ոչ էլ Քննչական կոմիտեն մանրամասներ չեն հայտնում, միայն հավելում են, որ կատարվում է նախաքննություն:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ Ֆեյսբուքում գրել էր, որ շարքային Հենրի-Հայկ Զաքարեանի վիճակը վիրահատությունից հետո շարունակում է ծանր, բայց կայուն մնալ:

«Գիտե՞ք ինչ, թող նախաքննության ընթացքում, ես հիմա ավելորդ բաներ չասեմ, լինում են էդպիսի օրեր, ուղղակի որոշակի․․․ վերահսկողությունից դուրս է եկել ինչ-որ պահի։ Պաշտպանության նախարարությունն անում է ամեն ինչ, և ոչ միայն Պաշտպանության նախարարությունը, նաև՝ Պաշտպանական բանակի հրամանատարությունը, որպեսզի հնարավորինս նվազեցվեն այդպիսի դեպքերը, հնարավորինս, բայց լինում են անկանխատեսելի որոշ արարքներ, լինում են անկանխատեսելի արարքներ», - շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը։

Այսօր Ռուսաստանի դեսպանության նախաձեռնությամբ անցկացվող՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցող նախարարը նաև խոսեց սահմանից, ասաց՝ վիճակը հարաբերական կայուն է: «Հարաբերական կայուն է, շատ քիչ թվաքանակով կրակոցներ են իրականացվում, բայց դրանք թիրախավորող չեն այս պահին», - հայտարարեց Տոնոյանը։

XS
SM
MD
LG