Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. - «Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։
Չինաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է. - «Ի սրտե շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնն ավանդականորեն խորհրդանշում է գարնան սկիզբը և բնության զարթոնքը։ Թող այն հետագա զարգացում, բարեկեցություն և երջանկություն բերի Չինաստանի բարեկամ ժողովրդին։
Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը»: