Մատչելիության հղումներ

«Ուզում են Զառիթափի միջոցով որոշեն շրջանի ճակատագիրը». բնապահպան


«Հանքը, իրա մեջ շատ վտանգավոր բաներ կան», - Վայոց ձորի Զառիթափ համայնքի բնակիչ, անասնապահ Կարեն Ասլանյանը հարցազրույց է տալիս ոչ թե սպանդանոցների, այլ իրենց բնակավայրին շատ մոտ գտնվող Ազատեկի ոսկու հանքի հնարավոր շահագործման թեմայով։ Ֆերմերը դեմ է հանքի բացմանը:

«Ո՞նց կարող է հանքը բացվի ու վնաս չտա, կարա՞ տենց բան լինի», - ասաց Ասլանյանը։

Ազատեկի ոսկու հանքավայրն, ըստ «Էկոլուր»-ի, երրորդ աստիճանի վտանգավորություն ունի՝ աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար՝ պղնձի, կապարի, ցինկի և ծծմբի բարձր կոնցենտրացիայի պատճառով:

Վայոց ձորի սարերում գտնվող ոսկու և այլ մետաղների առկայության մասին հայտնի էր դեռ նախորդ դարի կեսերին, սակայն հանքավայրը դեռ պաշտոնապես մինչ օրս չի շահագործվել, 2012 թվականին բնապահպանության նախկին նախարար, հանրապետական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի հիմնադրած «Վայք Գոլդ» ՍՊԸ- ն ձեռք է բերել հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման իրավունքը։ Հետագայում, «Հետք»-ի լայնածավալ հրապարակման համաձայն, օֆշորային «Քոր Գոլդ Արմենիա» ընկերությունը դարձել է «Վայք Գոլդի» 80 տոկոսի բաժնետերը։

2018-ի նոյեմբերին Գլխավոր դատախազությունում քրգործ էր հարուցվել հանքավայրից ապօրինի կերպով 250 միլիոն դրամի ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման հիմքով, այս գործը դեռ նախաքննության փուլում է, ընկերությունը ՇՄԱԳ չի ունեցել, մի շարք այլ խախտումներ էլ էին հայտնաբերել, դե իսկ արդեն 2019-ի ավարտին հայտնի դարձավ, որ «Վայք Գոլդը» զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից։

«Հունվարի 9-ին կայծակնային արագությամբ մի հատ նոր ընկերություն է բացվում, որը մի քանի օր անց դրանից ընդամենը դիմում է Վայքի և Զառիթափի համայնքներին, որ նորից լսումներ է ուզում անցկացնել Ազատեքի հանքավայրի շահագործման վերաբերյալ», - ասաց բնապահպան Լևոն Գալստյանը։

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ անթուլատրելի գործընթացների մասին։

Նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը պարզաբանում է. «Ազատեք գյուղը և հանքավայրի տարածքն, ըստ էության, ընկնում է Վայք համայնքի տարածքում, կարող է այդ հանքավայրի ինչ-որ փոքր հատվածներ նաև ընկնում են Զառիթափ համայնքի տարածքում, բայց այս ընկերությունը՝ չակերտավոր նոր բացված, փորձում է Զառիթափում անցկացնել լսումներ, ստանա նախնական թույլտվություն, հետո արդեն շարունակի իր գործընթացները արդեն մյուս իրավունքները ստանալու համար»։

Երեկ Զառիթափ համայնքում ընդամենը երկու շաբաթ առաջ Պետռեգիստրում գրանցված «Վայկ Ինվետս» ընկերության հանքավայրի շահագործման իրավունք ձեռք բերելու դիմումի առաջին հանրային լսումները տեղի ունեցան։ Ընկերության տնօրեն Վահե Մալխասյանը ներկայացրեց իրենց ծրագիրը՝ հանքը որոշել են շահագործել փակ, ստորգետնյա ճանապարհով։

«Հանքավայրը զբաղեցնում է 200-250 հա տարածք, բայց էդ տարածքը, որտեղ մենք պատրաստվում ենք հանքավայրի շահագործման աշխատանքները, դրանք լինելու են հանքուղիների դիմաց, այսինքն մենք ընդհանուր տարածքին, ռելևֆի ձեռք չենք տալու», - նշեց Մալխասյանը։

Քննարկմանն ամենաակտիվներից էր ֆերմեր Կարեն Ասլանյանը, նա ընկերության ներկայացուցչին հանքի շահագործման վտանգներից հարցրեց. «Ավելի շատ օգո՞ւտ է, թե՞ վնաս է»։

«Եթե հանքարդյունաբերությունը ուղղակի կանգնացնենք, դա շատ մեծ վնաս է և՛ պետությանը», - պատասխանեց ընկերության ներկայացուցիչը։

Մալխասյանի խոսքով՝ կպահպանվեն բնապահպանական բոլոր նորմերը ու կմասնակցեն Զառիթափի սոցիալ տնտեսական զարգացման աշխատանքներին տարեկան 50 միլիոն դրամի չափով։

Լսումների ավարտին պատկերն այսպիսին էր՝ կողմ արտահայտվեցին 17-ը, դեմ՝ 22-ը, համայնքը հավանություն չտվեց նախատեսվող գործունեությանը։

Այս հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը անցած տարվա ավարտին կորցրած «Վայք Գոլդն» այսպիսի լսումներ էին կազմակերպել Վայք քաղաքում, սակայն բնակիչները բոյկոտել էին դրանք։

Բնապահպան Լևոն Գալստյանն ասում է, երբ 2009-ին Ամուլսարի հանքը շահագործելու իրավունք տրվեց, հարակից Ջերմուկը ազդակիր համայնք չհամարվեց, լսումներ իրականացրեցին փոքր գյուղերում՝ այդպիսով վճռելով Ջերմուկի ճակատագիրը։

«Հիմա էլ ստացում է, որ էս մարդիկ ուզում են Զառիթափի միջոցով որոշեն էդ տարածաշրջանի ճակատագիր։ Զառիթափի բնակիչների մեջ դիմադրությունն ավելի փոքր է իրականում, որովհետև իրենք ավելի քիչ են իրազեկված», - նշեց Գալստյանը։

Զառիթափի գյուղապետ Սիմոն Բաբայանը արձագանքում է՝ հանքավայրը երկու համայնքների տարածքում է, բայց հանքի շահագործման հետ կապված հնարավոր ամենամեծ վնասը Վայքինն է։

«Հատվածը, որը որ մեր վարչական տարածքում է գտնվում, բայց այդտեղից հոսող ջրերը, անձրևաջրերը և այլն, ամենը գնում է Վայքով», - ասաց Բաբայանը։

Բնապահպանի այն պնդմանը, թե Զառիթափի միջոցով փորձում են տարածաշրջանի ճակատագիրը որոշել, գյուղապետը պատասխանում է՝ չի կարծում, որ առանց Վայքի համաձայնության կշահագործվի հանքը։

Շրջակա միջավայրի նախարարությունից էլ հայտնում են՝ ընդերքօգտագործման հայտ ներկայացնող ընկերությունը ՇՄԱԳ-ի համար դիմում է իրենց միայն այն դեպքում, երբ ազդակիր համայնքը տալիս է իր համաձայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG