Մատչելիության հղումներ

Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել Երևանում դեսպանություն բացելու մասին դիմումը


Նիդերլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել Երևանում Նիդերլանդների դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է. «Սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Մենք ականատեսն ենք մեր երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը»:

Մնացականյանն ասել է. «Լինելով գրեթե երկու տարվա կառավարություն՝ մենք խիստ հետևողական ենք՝ շարունակելու բարեփոխումների գործընթացն ընտրությունների ընթացքում մեր հասարակությունից ստացած լայն մանդատի հիման վրա: Մեր ջանքերը ստանում են նաև միջազգային աջակցություն, ունենք ուժեղ հանձնառություն, լուրջ տրամադրվածություն՝ շարունակելու այս ուղղությամբ համագործակցությունը նաև մեր գործընկերների հետ»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ահամար՝ Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկն ասել է. «Մենք խիստ հետաքրքրված ենք այստեղ տեղի ունեցող զարգացումներով և շատ ենք կարևորում այն առաջընթացը, որին ականատես ենք եղել այս տարիներ ընթացքում»:

Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս հետագա ամրապնդման ուղղությամբ քայլերի կարևորությունը։

Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում արտգործնախարարներն ուղենշել են առկա մեծ ներուժի լիարժեք կիրառման համար ձեռնարկվելիք քայլերը՝ որպես հեռանկարային ուղղություններ, ի թիվս այլոց, առանձնացնելով խելացի կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, բանկային ոլորտները:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ երկուստեք արժևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է՝ Հայաստանի համար՝ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնային նշանակությունը:

Իր նիդերլանդացի գործընկերոջը ներկայացնելով ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այդ օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային և տարածաշրջանային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը:

Նախարար Մնացականյանը Ստեֆ Բլոկին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանդես են եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի օրն առավոտյան Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG